Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է.
«Այն, ինչ կասեմ, իհարկե, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրությունը այս հարցում կարող է հայտնվել որոշակի ինքնախաբեության թմբիրում:
Խոսքը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին է: Իրականում, Նիկոլ Փաշինյանն այդ արշավի մասով որդեգրել է բավականին ուշագրավ մարտավարություն: Նա հենց սկզբից դրել է Կաթողիկոսին հեռացնելու բարձր նշաձողով նպատակը, բայց գործնական կամ, այսպես ասած, իրական գետնի վրա շարժվում է շատ ավելի հանդարտ ռեժիմով, կամ, ինչպես դիվանագիտության մեջ է ընդունված օգտագործել այդ բնորոշումը՝ «սալյամիի տրամաբանությամբ»:
Այսինքն, Փաշինյանն արշավն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ:
Հետ նայեք նրա մեկնակետին, ու չափեք, թե որտեղ է հիմա նա: Կասեք՝ Մայր Աթոռն անսասան է: Այո, եթե մենք Հայ Առաքելական եկեղեցի ասելով հասկանում ենք միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքային տրամաբանությունը, անսասան է:
Բայց Հայ Առաքելական եկեղեցին վարչական տարածքային հասկացություն չէ, այլ ցանցային շատ բարդ թե ինստիտուցիոնալ, թե դավանական-գաղափարական-արժեքային եւ ընդհուպ սոցիալ-հոգեբանական կառուցվածք, որը Փաշինյանը «կտրատում» է շերտ-շերտ:
Նիկոլ Փաշինյանը դրել է ամեն ինչ «միանգամից» վերցնելու խնդիր, ավելի շուտ՝ բարձաձայնել է դա, բայց գործնականում գնում է հանդարտ եւ հետեւողական «սալյամիի էֆեկտի» տրամաբանությամբ, իսկ բարձր ու «միանգամից» խնդիրը ձեւակերպել է թերեւս հենց տակտիկական մանեւրի տրամաբանությամբ, երբ դիմացը գտնվող ուժը կամ ուժերը ինքնագոհությամբ արձանագրում են, թե Փաշինյանին չհաջողվեց վերցնել Մայր Աթոռը կամ Վեհարանը:
Ինչո՞ւ եմ ներկայացնում իրավիճակի այս համայնապատկերը: Որովհետեւ եկեղեցու դեմ արշավի հարցում իրականում կա շատ անելիք, համակարգային, խորքային, հանդարտ անելիք, քան զուտ քաղաքական պաստառապատությամբ կազմակերպվող պաշտպանական ակցիաները եւ դրանց հաղթական ելքի մասին վերամբարձությունները, որոնք կամա, թե ակամա, բայց կարող են դառնալ ինքնախաբեության ծածկոց:
Բացարձակապես նկատի չունեմ այն, որ այդ ակցիաները ավելորդ են, չունեն իմաստ, եւ այլն: Ոչ, ավելորդ չեն, անհրաժեշտ են, եւ խրախուսանքի են արժանի դրանցում ներգրավվող մարդիկ: Բայց այդ ակցիաները բավարար չեն լինելու, դրանք ռազմավարական իմաստով լինելու են ապարդյուն, եթե չեն ուղեկցվելու խորքային աշխատանքով, որի նպատակը պետք է լինի «սալյամիի էֆեկտին» հակազդելն ու այն կանգնեցնելը»:






Բաց մի թողեք
«Ուղտերի երթը» և հերձվածողի սուրբծննդյան սրբապղծությունը․ Լևոն Զուրաբյան
Տարբեր ծախու հոգևորականներ, որոնք Փաշինյանի կողմից դարձել են ձեռնասուններ, ամեն ինչ անում են իրենց իսկական «տիրոջը» հաճոյանալու համար
Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը. Սուրենյանց