ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու:
«Հրապարակ» թերթը գրում է․ Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, որ հին թիմը չնեղանա, եւ այլն։ Նախօրեին ՔՊ վարչությունը` քննական հանձնաժողովը, առաջին խմբին է ընդունել, հատ-հատ կանչել են ամբիոնի մոտ, հարցեր տվել: Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն եք փոխելու, ի՞նչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր, եւ նման այլ պարզ հարցեր: Հետաքրքրվում են նաեւ՝ ով որտեղ է աշխատում կամ աշխատել:
Սակայն առավել ուշագրավ է եղել ՔՊ խմբակցության երեկվա պատգամավորների «քննությունը»: Մեզ պատմեցին, որ երկրորդ «սռոկից» առաջ նրանցից հավելյալ հավատարմության երդումներ են փորձում ստանալ, օրինակ, հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եկեղեցու նկատմամբ գործընթացներին, Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք:
Մի խոսքով՝ իսկական հավատաքննիչներ, որոնք չնայած 5 տարի այդ պատգամավորների հետ ճանապարհ են անցել, սակայն հիմա իբրեւ թե նոր են ծանոթանում այս մարդկանց` որոշ հարցերում հավատարմության երդումներ են կորզում, որ հետո ոչ մեկը չարդարանա, թե համաձայն չէր ՔՊ-ի վարվող կուրսին։ Փորձեցինք նախօրեի քասթինգին մասնակցած մի քանի պատգամավորի հետ զրուցել, սակայն նրանք վախվորած հրաժարվեցին մեկնաբանություն տալ։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու