ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին կանգնեցրել է միայն վատ տարբերակներից ընտրության առաջ: Ուկրաինական կարգավորման բանակցություններն այսպես է գնահատել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նրա կարծիքով, Ուկրաինան «ոչ կարող է շարունակել պատերազմը, ոչ կանգնեցնել: Դա ամենամեծ մարտահրավերն է: Ուկրաինան պետք է ընտրություն կատարի երկու վատ տարբերակների միջև: Նրանք (եվրոպացիները) դա էին առաջարկում նաև մեզ»,- ասել է Պապուաշվիլին:
Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա ներկայացմամբ, «որոշակի ուժեր Ուկրաինան օգտագործել են որպես խայծ և փորձության ենթարկել նաև Վրաստանը:
«Շնորհիվ մեր անզիջում պայքարի, մեզ հաջողվեց խուսափել այդ անցանկալի սցենարից: Դա ահռելի ջանքեր է պահանջել: Մեր երկրի նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել, մեր հանդեպ բազմիցս անարդարացի են գտնվել, քանի որ մենք պայքարում ենք մեր երկրում խաղաղությունը պահպանելու համար: Այն, ինչ մենք արեցինք, դժբախտաբար մեր բարեկամ երկիր Ուկրաինան չկարողացավ, և դա ողբերգություն է»,- ասել է Կոբախիձեն:
Ուկրաինական կարգավորման գործընթացի ֆոնին Վրաստանում կասկածում են ՆԱՏՕ-ին անդամակցության արդյունավետությանը: Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մատիկաշվիլին տեսնում է, թե ինչպես «ոմանք կցանկային, որ Ուկրաինան և Վրաստանը խրված մնան Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամակցության կես –ճանապարհին»:
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդարանի նախկին պատգամավոր Պետրե Մամրաձեն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և ակնկալում, որ ռազմական գործողությունները կդադարեն՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությամբ:
Մամրաձեի գնահատմամբ, գլխավոր եզրակացությունը, որ պետք է արվի ռուս-ուկրաինական հակամարտությունից, այն է, որ «Արևմուտքը Վրաստանի անվտանգությունը երաշխավորել չի կարող»:
Այս ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողով է գումարել և մտադիր է անդամ պետությունների առաջնորդների հետ առանձին բանակցություններ վարել:
ՀԱՊԿ-ի անդամ են նաև Կենտրոնական Ասիայի երեք երկիր, որ վերջերս տարածաշրջանի և Ադրբեջանի մասնակցությամբ նոր աշխարհաքաղաքական տարածք ձևավորելու ծրագիր են քննարկել, իսկ ավելի վաղ Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողովներում համաձայնեցրել առևտրատնտեսական և կոմունիկացիոն խոշոր ծրագրեր:
Վրաստանի քաղաքական ղեկավարության ընկալումներից դատելով՝ եթե Միացյալ Նահանգներն «Ուկրաինան հանձնում է Ռուսաստանին», ապա խորքային առումով դա նշանակում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «աշխարհաբաժանման գործարք»:
Ուկրաինական կարգավորման «ամերիկյան ծրագրի» հրապարակայնացումից տառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի զինված ուժերը «լիովին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու» պետական նպատակադրվածության մասին:
Հայաստանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին չի մասնակցում, բայց ընդունվելիք որոշումներին որևէ առարկություն չի ներկայացրել: Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները որքանո՞վ են համաձայնեցված Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան «գործարքն» ի՞նչ ազդեցություն է թողնելու Հայաստանի ներքին կյանքում:






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից