27/12/2025

Ֆրանսիայի օրինակելի դիրքորոշման վկայություն է

Միջազգային մամուլը սենսացիոն նորություն է տարածել, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն «պատմական» է որակել Նոր Կալեդոնիայի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, որով ֆրանսիական անդրծովային այդ տարածքը ձեռք է բերում «Նոր Կալեդոնիա պետություն» անվանումը:

Համաձայնագրի մանրամասնություններն առայժմ լայնորեն չեն լուսաբանվում, հայտնի է միայն որ Նոր Կալեդոնիան կունենա քաղաքացիություն՝ ֆրանսիականի հետ զուգահեռ:

Ըստ տեղեկությունների, համաձայնությունը պետք է վավերացում անցնի Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում, ապա Նոր Կալեդոնիայի բնակչության շրջանում դրվի հանրաքվեի:

Բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո «Նոր Կալեդոնիա պետության» կարգավիճակը կամրագրվի Ֆրանսիայի սահմանադրությամբ, որտեղ կարվի հատուկ ամրագրում, որ այլ պետությունները կարող են ճանաչել Նոր Կալեդոնիան և նրա հետ հարաբերություններ հաստատել:

Դա, իհարկե, չի նշանակում Նոր Կալեդոնիայի նկատմամբ Ֆրանսիայի ինքնիշխանության չեղարկում, բայց անդրծովային տարածքների ինքնուրությունը ֆորմալացնելու ճանապարհին լուրջ առաջընթաց է:

Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատը 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին բանաձևեր են ընդունել: Դրանք, ինչ խոսք, Ելիսեյան պալատին չեն պարտավորեցնում, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղը, բայց քաղաքական առումով Ֆրանսիայի նախագահի համար մնում են հնարավորություն:

Ֆրանսիան կգնա՞ Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով: Տեսանելի ապագայում նման հեռանկարը հազիվ թե իրատեսական է: Բայց Նոր Կալեդոնիայի հետ ձեռք բերված համաձայնությունը, եթե գործընթացը հասնի տրամաբանական ավարտի, նման հարցերում Ֆրանսիայի օրինակելի դիրքորոշման վկայություն է:

Չպետք է մոռանալ, որ ժամանակին Ալժիրը նույնպես հանրաքվեով Ֆրանսիայից անկախություն է ստացել: