26/12/2025

1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու

2026-ի ընտրությունների մեկնարկը սպասվածից շուտ տրվեց` քաղաքական ուժերը ոչ միայն արդեն թեժ ընտրապայքարի մեջ են, այլեւ պատգամավորության ու վարչապետի թեկնածուներ են ընտրում, կոալիցիաներ կազմելու կամ մենակ գնալու հայտարարություններ անում:

Հրապարակ թերթը գրել է․ Գլխավոր տոն տվողը, իհարկե, ՔՊ-ն է, որը, երկրի կառավարումը մոռացած, տրվել է վերարտադրվելու մոլուցքին: Ակտիվ է նաեւ ընդդիմությունը` նորից նույն փոցխի վրա կանգնելու հեռանկարով:

2026-ի ընտրությունների գլխավոր խնդիրը, գայթաքարը լինելու է կոալիցիաներ կազմելու, մեծ բլոկներով հանդես գալու անկարողությունը, որն ինքնին իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է նշանակելու: Մեր քաղաքական ուժերի հիմնական թերությունը չարդարացված ամբիցիաներն են եւ համագործակցության ընդունակ չլինելը, ինչի արդյունքում ողջ երկիրն ու հասարակությունն են տուժում:

Տարիներ շարունակ տարաձայնությունները մի կողմ դնելու եւ միավորվելու մասին խոսող ուժերն ընտրությունների շեմին դառնում են ավելի հավակնոտ, ավելի անհանդուրժող եւ կոմունիկացիայի ոչ ընդունակ: Նրանք հանկարծ հիշում են իրենց բոլոր դարավոր վիրավորանքները, նաեւ չեն կարողանում իրատեսական հաշվարկներ անել եւ իրենց ուժերը ռեալիստորեն գնահատել:

Եվ ստացվում է, որ ցախավելի ճյուղերը հատ-հատ ջարդում են, իրենք էլ կանգնում կոտրված տաշտակի առաջ` ոչ միայն փոշիացնում են ընտրողների քվեները, այլեւ նպաստում իշխանությունների վերարտադրմանը:

Բայց 2026-ի ընտրությունները նշանավորվելու են նաեւ նրանով, որ ձայն փոշիացնող ուժերը ոչ միայն իրենք չեն անցնելու խորհրդարան, ոչ միայն նպաստելու են ՔՊ-ի ու Փաշինյանի վերարտադրմանը, այլեւ հեղինակազրկվելու են եւ դուրս մղվեն քաղաքական դաշտից:

1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու: