27/07/2024

Ալիևը «անվստահությունը» փորձում է վերածել քաղաքական կապիտալի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Ֆրանս 24 հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վստահում է Իլհամ Ալիեւին, հայտարարել է, որ ինքը չի վստահում Ալիեւին եւ կարծում է, որ Ալիեւն էլ չի վստահում իրեն:

Ըստ Փաշինյանի, սա հասկանալի իրավիճակ է, բայց ամբողջ խնդիրն էլ այն է, թե արդյո՞ք կկարողանան քայլ առ քայլ կառուցել փոխադարձ վստահության միջավայր:

Նիկոլ Փաշինյանն արտահայտում է խաղաղություն կառուցելու իր պատրաստակամությունը, նոր չէ, առաջին անգամ չէ, առաջին առիթը չէ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե իրականանալիության եւ արդյունավետորեն ամրանալու ի՞նչ հիմք ունի այն մոտեցումը, որ առաջ է քաշում Նիկոլ Փաշինյանը: Այստեղ հարցերի պատասխանները մեղմ ասած հուսադրող չեն: Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանն էլ իր այլ հայտարարություններով վկայում է, որ պատկերը լիովին հակառակն է եւ Իլհամ Ալիեւն օրինակ որեւէ մտադրություն իսկ չունի հասնել փոխադարձ վստահության:

Ավելին, նա խաղադրույք է կատարել «անվստահության» վրա, ինչի վկայությունն են Հայաստանին անընդհատ ներկայացվող պահանջները, ընդհուպ Սահմանադրության եւ օրենքների փոփոխության: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները գործնականում չեն պարունակում Ադրբեջանի նկատմամբ որեւէ հավակնություն, որեւէ սպառնալիք:

Ամբողջ խնդիրը հենց այն է, որ Ադրբեջանի նախագահը «անվստահությունը» փորձում է վերածել քաղաքական կապիտալի եւ Հայաստանին թելադրել պայմաններ, որոնց վերջնանպատակը կամ հիմնական նպատակը ոչ թե փոխադարձ վստահության հասնելն է, այլ Հայաստանի առնչությամբ վստահության որեւէ հարց ընդհանրապես հանելը, երբ այլեւս չի լինի Հայաստանին վստահել-չվստահելու հարց, քանի որ Հայաստանն իրենից չի ներկայացնի շատ, թե քիչ կենսունակ որեւէ քաղաքական բովանդակություն: