10/10/2024

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը:

Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ: Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածք ՀՀ ոստիկանոության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հրամանով տարածքները սահմանազատել են:

Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը: Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

Հարցին՝ արդյոք աշխատակիցները տարհանվել են՝ իրավասու մարմինները խուսափեցին պատասխանել։ ՆԳՆ-ից նշեցին, թե գործողությունները ղեկավարում է Քննչական կոմիտեն։ Իսկ ՔԿ-ից էլ հավելեցին, որ այս պահին դեռ տեղեկություններն են փորձում ճշտել, և ավելի ուշ կկարողանան հարցերի պատասխանել։

Նշենք, որ օրեր առաջ ևս նման դեպք էր արձանագրվել։ Փետրվարի 22-ին Երևանի Գյուլբենկյան փողոցում տեղակայված օֆիսային տարածքներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել: Նշված հասցեով ժամանել էին   ԱԻՆ աշխատակիցները, ապա նաև սակրավորները: