21/11/2024

Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով ապրում է, իսկ մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ Մելքոնյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արած հայտարարություններին։

«Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում, թե որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախագահ, ով «դաբրո» ունենա Ռուսաստանից, ուրեմն նա․․․»։

Ճշտող հարցին՝ ժամանակին ինքն էլ է իրենցից «դաբրո» ստացե՞լ պաշտպանության փոխնախարար նշանակվելու համար, Մելքոնյանը պատասխանեց․ «Փոխնախարարն իրենց «դաբրոյով» չէր նշանակվում։ Նախարարն էլ է ՌԴ-ի «դաբրոյով» նշանակվել»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, պատգամավորը նկատեց․ «Լավ ենք անում։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք»։

Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։

Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորը պատասխանեց․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում են, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց դա․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից։ Այնպես որ՝ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ՝ այնտեղից»։

«Հայաստանն այլևս չի ուզում ՌԴ-ի ճորտի կարգավիճակով ապրել, ուզում ենք դառնալ անկախ երկիր, որ ում հետ ցանկանանք, այդ երկրների հետ էլ ռազմատեխնիկական և այլ պայմանագրեր կնքենք և այլն։ Մենք անկախ չենք եղել, ՌԴ-ից ենք կախված եղել։ ՌԴ-ն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որի հետ չշփվենք, իրենք էին որոշում՝ մեր երկրում ով պետք է լինի նախագահ, ովքեր պետք է նշանակվեն նախարարներ։ Պաշտպանության նախարարը նշանակվել է ՌԴ-ի «դաբրոյով»»,- նշեց նա։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքելով տարածվող լուրին՝ նշել էին, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է: