27/07/2024

Խոջալուի անկումն ու մեղավորները՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ

1999-ի հունվարին Ջերմուկի առողջարանային համալիրներից մեկում չեմ հիշում՝ միջազգային ինչ կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայ եւ ադրբեջանցի լրագրողների հանդիպում-բանավեճ: Միջոցառմանը հաջորդեց պաշտոնական ընթրիքը, որ կես ժամ անց վերածվեց խրախճանքի:

Ադրբեջանցի լրագրողներից մեկը, որ ներկայումս քաղաքական վտարանդի է եւ եվրոպական երկրներից մեկում է ապրում, հռչակեց օրվա կարգախոսը. «Ավելի լավ է «Արենի» գինի վայելել, քան անիմաստ խոսել, միեւնույն է՝ ամեն մեկս մնում է իր տեսակետին»:

Տողերիս հեղինակն այդ ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակիցն էր եւ ներկա էր ոչ իբրեւ բանավեճի մասնակից, այլ՝ միջոցառման լուսաբանող: Դա հնարավորություն էր, որ ադրբեջանցի գործընկերների հետ ավելի ազատ շփվեմ: Կերուխումի ամենաեռուն պահին մոտեցա «Արենի» գինու գովքն անող ադրբեջանցուն, անվտանգության նկատառումներից ելնելով անունը չեմ հրապարակում եւ հարցազրույց խնդրեցի: «Ի՞նչ եք հարցնելու»- խոժոռվեց նա: Ասացի՝ կուզենայի իր կարծիքն իմանալ Խոջալուի դեպքերի մասին:

– Կոնկրետ ի՞նչ է հետաքրքրում,- հարցրեց զրուցակիցս: Խնդրեցի, որ հիշի՝ լինելով Նախիջեւանի ինքնավարության Գերագույն մաջլիսի նախագահ՝ Հեյդար Ալիեւը պաշտոնապես ցավակցե՞լ է Խոջալուի տուժածների հարազատներին, առհասարակ այդ իրադարձություններին ինչպե՞ս է արձագանքել: Նա խնդրեց, որ ձայնագրիչ չմիացնեմ, բավական երկար լռեց, ծխեց եւ խոստովանեց, որ նման բան չի հիշում: Նույն հարցը շուրջ մեկ ամիս առաջ ֆեյսբուքում ուղղեցի եւս մեկ վտարանդի ադրբեջանցու, ստացա «ինչ որ չեմ հիշում նման բան» պատասխանը:

Խոջալուի դեպքերի հաջորդ օրն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, ստեղծվել է հատուկ քննչական խումբ՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Միքայիլովի գլխավորությամբ: Վարույքի հիմքում դրվել է այն կանխավարկածը, որ Խոջալուի կայազորը, Ազգային անվտանգության եւ ՆԳ նախարարության ստորաբաժանումները եւ հատուկ նշանակության ուժերը, Աղդամում եւ Շուշիում կենտրոնացված ուժերը բավարար ջանք չեն գործադրել, միասնական հրամանի չեն ենթարկվել, ինչը եւ դարձել է «քաղաքի անկման պատճառը»:

Քրեական վարույթի հարուցումից ընդամենը երեք ամիս չպարզված հանգամանքներում սպանվել է խաղաղ բնակչության սպանության վայրում առաջինը նկարահանումներ իրականացրած Չինգիզ Մուստաֆաեւը: Նա համարձակություն էր ունեցել հայտարարելու, որ աշխարհով մեկ տարածված տեսանյութը նկարահանվել է իրադարձություններից երեք օր անց, ինքը դիակապտության, գանգամաշկման, դիակների պղծման ոչ մի տեսարանի ականատես չի եղել: Չինգիզ Մուստաֆաեւի սպանության հաջորդ օրն Աղդամում, որ գտնվում էր ադրբեջանական վերահսկողության տակ, ականի վրա պայթել է գումարտակի հրամանատար Ալլահվերդի Բաղիրովը, հաջորդ օրը՝ նրա զինակից Շահին Միրզոեւը:

Անհասկանալի մեղադրանքով կալանվել եւ բանտում «ինքնասպանություն է գործել» Աղդամի «տեղական ինքնապաշտպանական ուժերի հրամանատար» Յաղուբ Մամեդովը, որ հայտնի էր Ալա Յաղուբ կամ Գաթիր Մամեդ մականուններով: Երկու տարի անց ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի զորանոցի մուտքի մոտ գնդակահարվել է Ռովշան Ջավադովը, որ Խոջալուի ռազմագործողության օրը «հետախուզական հատուկ առաջադրանքով» Աղդամից մուտք է գործել Ասկերանի մատույցներ:

Միակ անձը, որ Խոջալուի դեպքերի կապակցությամբ ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ Խոջալուի օրերին Աղդամ գործուղված, ընդդիմադիր ԱԺՃ կուսակցության ներկայացուցիչ Ֆահմին Հաջիեւն է: Դատավարությանը ներկա լրագրողներից մեկին հաջողվել է պատմության համար արձանագրել այս երկխոսությունը.

Դատավոր. Ձեր կարծիքով Խոջալուի խաղաղ բնակչության արյան համար ո՞վ է պատասխանատու:

Ֆահմին Հաջիեւ. Հեյդար Ալիեւը:- Այս վկայությունն արձանագրված եւ հրապարակված է: Փաստ է նաեւ, որ Խոջալուի իրադարձությունների հաջորդ օրն Աղդամում գտնվող՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Թամեռլան Գարաեւը խոչընդոտել է Իրանի արտգործնախարարը այցը խաղաղ բնակչության սպանության վայր: Վերադառնալով իշխանության՝ Հեյդար Ալիեւը Թամեռլան Գարաեւին նշանակել է Ադրբեջանի դեսպան: