10/11/2024

Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր

Դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, վիրավորը փրկվել է՝ շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների և «Չարենցավան» բժշկական կենտրոնի բժիշկների։

«Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով պարեկային ծառայողի կողմից ծառայողական ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Չարենցավանի բնակիչ, 20-ամյա Գրիգորի Բ․-ն է, ով «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց։

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենցավան քաղաքի կայարանամերձ տարածքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբի բակային հատվածում։

Գրիգորի Բ․-ին դանակով հարվածելու մեջ կասկածվողը հայտնաբերվել և ոստիկանության բաժին է տեղափոխվել։ Նա Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Հարություն Պ․-ն է։ Պարեկների շնորհիվ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։