22/11/2024

Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ

Արդի միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները շարունակվում են, որը հատկապես շատ սուր դրևորում է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ու այս դիմակայությունը, որն Ուկրաինայում հանգեցրել է կոնկրետ ռազմական բախման, այլ ուղղություններով տարածվելու միտումներ է ցուցաբերում։ Այս տեսանկյունից հատկապես ռիսկի գոտում է հետխորհրդային տարածաշրջանը։ Բայց ամենավտանգավոր իրավիճակը Հարավային Կովկասում և կոնկրետ Հայաստանի շուրջ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ միայն ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ոլորտ, այլ նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջոցով Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հավակնություն ունի։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հարմար առիթի է սպասում Հայաստանի նկատմամբ նոր հարձակում սկսելու համար։ Իսկ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ապա իրավիճակի վրա կփորձի ներազդել նաև Իրանը, որը կոնկրետ շահեր ունի։ Այսինքն, այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում հենց ամենից շատ Հայաստանը կարող է տուժել։ Ուստի, այսպիսի իրադրությունը պահանջում է շատ նուրբ արտաքին քաղաքականություն վարել։ Բայց, արի ու տես, որ ՀՀ իշխանությունները ավելի ու ավելի են սրում իրավիճակը՝ ամբողջովին խցկվելով Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների դաշտ։ Իսկ այս քաղաքական գծի գագաթնակետը Ուկրաինայի հարցում կոնկրետ իրավիճակը սրող մոտեցում որդեգրելն է։ Երբ Ուկրաինայում պատերազմը նոր էր սկսվել, ՀՀ իշխանությունները փորձում էին, ինչքան հնարավոր է, այս հարցում չեզոքություն պահպանել՝ նշելով, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան Հայաստանի համար բարեկամ երկրներ են։

Բայց իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Փաշինյանն սկսեց խախտել չեզոքությունը՝ նշելով, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ու այսպիսի դիրքորոշումը նա հիմնավորում է նրանով, թե Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, այսինքն՝ արևել յան տարածքների կցումը Ռուսաստանին, Ալմա Աթայի հռչակագրի խախտում է։ Այս հողի վրա ՀՀ իշխանություններն ավելի են խորացնում հակառուսական քարոզչությունը, բայց, ինչպես բազմաթիվ փորձագետներ են նկատում, նման քաղաքական դիրքորոշումը ոչ մի դրական արդյունք չի խոստանում Հայաստանի համար։ Նույնիսկ կարծիքներ կան, որ Փաշինյանն ուղղակի գնում է Զելենսկու հետքերով։ Ավելին, երբ Հայաստանի իրավիճակն այսօր ամենաբարդն է, այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, թե Հայաստան է այցելելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Այս տեղեկությունը ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ հայկական կողմը չեն հերքում։

Նկատի ունենանք, որ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանից հետո Զելենսկին այցելելու է նաև Ադրբեջան, որի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում ամեն անգամ ընդգծել, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց Բաքվից շտապեցին հերքել այս լուրերը՝ ընդգծելով, թե նման այց չի սպասվում։ Այս պայմաններում Հայաստանում արդեն իսկ քննարկվում է այն հարցը, թե, ի վերջո, ինչի՞ համար է Զելենսկին Հայաստան այցելելու։ Առաջին հերթին՝ կարիք կա դիտարկելու Ուկրաինայի դիրքորոշումը Արցախի հարցում։ Կիևը պարզորոշ հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» նկրտումները՝ նկատի ունենալով Արցախը։ Ավելին՝ Ուկրաինան 1993 թվականից սկսած պարբերաբար զենք է մատակարարել Ադրբեջանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արդեն տեղեկություններ կային Զելենսկու ղեկավարած Ուկրաինայի կողմից Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր մատակարարելու մասին, որով ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություն իրագործեց Արցախում՝ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքներում կիրառելով հրկիզվող զինատեսակ, որը սպիտակ ֆոսֆոր էր պարունակում։

Պատերազմից հետո Զելենսկին առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին: Մյուս կողմից էլ՝ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Ուկրաինայից կոչեր հնչել, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, ինչը կարող էր տեղի ունենալ Հայաստանի վրա հարձակվելու միջոցով։ Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Ուկրաինան ուղղակի Ադրբեջանի կողմնակիցն է։ Հաջորդը. ո՞վ է Զելենսկին, ընդհանրապես: Նկատի չունենք իր՝ կատագերակի անցյալը, այլ Զելենսկին՝ որպես նախագահ: Փաստացի, գործ ունենք մի ղեկավարի հետ, որն Արևմուտքի շահերի համար սեփական երկիրը մատաղ է արել, ինչի հետևանքով Ուկրաինան անխնա ավերվում է, տարածքներ է կորցնում, հազարավոր ուկրաինացիներ զոհվում կամ վիրավորվում են, իսկ միլիոնավոր մարդիկ էլ հեռանում են երկրից։ Հասկանում ենք, որ շատերը համեմատում են Փաշինյանին ու Զելենսկուն:

Տարբերությունը, կարծես մեկն է. Զելենսկին արդեն իսկ ավերակների է վերածել իր երկիրը, Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին: Մնում է հասկանալ՝ ով ում է «թրեյնինգ» անելու այս հարցում: Ամփոփելով. Ուկրաինայի նախագահի այցը կարող է կանխատեսելի, իսկ որոշակի առումներով էլ անկանխատեսելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու բացառված չէ, որ արդյունքում Արևմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ Զելենսկու ձեռքերով, այնպես էլ այստեղ՝ Փաշինյանի ձեռքերով, իր շահերի համար Հայաստանին ևս զոհաբերության սեղանին դնի։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ սյուռ պատկեր կլիներ, եթե Սահակաշվիլին ազատության մեջ լիներ ու Զելենսկու հետ այցելեր Հայաստան. ի տես աշխարհի՝ եռակողմ ինչպիսի՜ հանդիպում կլիներ…