27/07/2024

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Ադրբեջանի նախագահը չի դադարում գանգատվել Արևմուտքի երկրներից և Միացյալ Նահանգներից:

Այս անգամ էլ Ալիևը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է ընդունեն նոր իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն այդ նոր իրողությունը լավ է հասկանում։

«Երեսուն տարվա ընթացքում համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք իրենց միջազգային հանրություն էին անվանում, ոչ մի քայլ չարեցին արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք «ազատագրել» մեր հողերը, այս երեք երկրներն սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ամեն մեկն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ դուրս մղեն մեր ճանապարհից: Նրանք չէին ուզում, որ մենք «ազատագրենք» մեր հողերը։ Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք «անջատողականությանը», նրանք նորից սխալվեցին։ Նրանցից ոմանք դեռ սխալվում են, նկատի ունեմ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն։ Հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին նախատեսել։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է ԵԽԽՎ-ում իրենց ներկայությունից։ Ըստ նրա՝ Ադրբեջանը որոշել է չմասնակցել ԵԽԽՎ նիստերին: «Որովհետև եթե մենք իրավունք չունենք արտահայտելու մեր դիրքորոշումը, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,- ասել է Ալիևը։

Այնուհետև նա շարունակել է․ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Ցավոք, այս որոշումը կայացվել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ, և այդ անձը կանցլեր Շոլցի գլխավորած կուսակցության անդամ է։ Սա երկակի ստանդարտներ կամ խաղ չէ՞ մեզ հետ։ Գերմանիայի կանցլերը դրսևորում է անաչառություն, և նրա հայտարարություններն ու գործողություններն արտացոլում են դա։ Իսկ իր ղեկավարած կուսակցության անդամը ցանկանում է հեռացնել Ադրբեջանին, որը ԵԽԽՎ-ում երկու ոչ քրիստոնեական երկրներից մեկն է, և դա անում է ցուցադրաբար և նպատակային։

Եթե մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը»։

Նա նշել է, որ գերմանական մամուլում Ադրբեջանը ներկայացվում է որպես բռնապետական երկիր, որտեղ մարդկանց ձերբակալում են իրենց կարծիքի համար։ Վերջինս դրանք համարում է «բացարձակ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մասին միտումնավոր շատ բացասական տպավորություն է ստեղծվում. «Այս ամենը կարո՞ղ է խանգարել մեր կատարած աշխատանքին։ Ո՛չ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի, մեր երկրի բարօրության համար՝ լինի դա տարածքային ամբողջականության վերականգնում, թե տնտեսական օրակարգ»։