27/07/2024

Եթե Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը միստիկա է, ապա միայն՝ օգտակար

Տեսակետ է շրջանառվել, որ Մակրոն-Փաշինյան մերձեցման հիմքում ոչ թե հայ-ֆրանսիական դրական պատմություն ունեցող բարեկամությունն է, այլ երկու ղեկավարների արկածախնդրությունը, միստիկան եւ պատահական չէ, որ Փաշինյանի փարիզյան այցերի ուղեկից են հուղարկավորությունները, վերահուղարկավորությունները:

Ի՞նչ միստիկա էր Անդրանիկ Օզանյանի վերահուղարկավորումը Հայաստանում՝ ժամանակին ոչ ոք չի մտահոգվել, բայց եթե խոսքը Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման մասին է, ապա, թվում է, դա քաղաքակրթական սիմվոլիկա է. Ֆրանսիան պետական-պաշտոնական արարողակարգով հայ ժողովրդին դասում է համաեվրոպական-համամարդկային քաղաքակրթության ճամբարում:

Ղարաբաղյան Շարժման քաղաքական պատմությունից իրազեկվածները գիտեն, որ մենք ունեցել ենք մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի ժողովրդավարական ուժերի աջակցությունը, եւ դիվանագիտական հաջողությունները մի շատ զգալի մասով պայմանավորված էին նաեւ քաղաքակրթական ընտրությամբ: Չլիներ Հայոց համազգային շարժման համաեվրոապական աուրան, Շարժումը խեղդվելու էր: Եւ թե ինչու՞, ու՞մ ծրագրմամբ է դեմոկրատական, արդարացի եւ միջազգային աջակցություն վայելող ազգային-ազատագրական ընթացքը փոխակերպվել Հայ դատի եւ ազգային պահանջատիրության՝ քաղաքագիտական մտքի, եթե այդպիսին կա, պարզելու խնդիրն է:

Պարադոքս է, բայց փաստ. Սումգայիթը եւ Բաքուն մոռացության են տրվել, իսկ Խոջալուի ռազմագործողությունը՝ պանծացվել: Եւ ոչ միայն վիրավորական, ամոթալի է, երբ Խոջալուի դեպքերի տարելիցի առթիվ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականը գրառում է անում X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում, որտեղ մեջբերում է քո երկրի նախկին նախագահի այն միտքը, թե մինչ այդ Ադրբեջանում կարծում էին, որ հայերը խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չեն կիրառի, մենք կոտրեցինք այդ կարծրատիպը:

Սա՞ է հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի քաղաքակրթական կերպարը, թե այն, որ ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են: Միջազգային ի՞նչ աջակցություն պիտի հուսար մի երկիր, որի նախագահն այդ ուղերձն է հղել աշխարհին: Ֆրանսիայի նախագահի խնդիրն է՝ ֆրանսիացի զինվորները կհասնե՞ն Ուկրաինա, ինչպե՞ս է կարգավորելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների ու Միացյալ Նահանգների հետ: Հայաստանն այսօր մի ռեսուրս ունի՝ ներգրվել քաղաքակրթության ճամբարին:

90-ականների սկզբներին Հրանտ Մաթեւոսյանը տագնապ ուներ, որ կարող է իրավիճակ ունենանք, երբ ստիպված լինենք միանալ աշխարհի ամենառեակցիոն ճամբարին: Ինչպես նրա այլ կանխատեսումներ, այդ մեկն էլ, ցավոք, իրականություն դարձավ: Եւ այդ ամենառեակցիոն ճամբարը մեզ չպաշտպանեց, չէր էլ կարող, պաշտպանելու մտադրություն էլ չուներ: Էքսպանսիոնիզմի ֆորպոստի մեր կերպարն է նաեւ աղետի պատճառը:

Մեռյալներն, ինչ խոսք, մեզ օգնել չեն կարող, բայց մեռելահարցուկը մեզ գոնե չպետք է խանգարի: Եւ եթե Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը միստիկա է, ապա միայն՝ օգտակար: Գոնե այնքանով, որ հայ ժողովրդին դուրս է բերում արդի աշխարհի ամենառեակցիոն ճամբարի, ինչպես Վանո Սիրադեղյանն է դիպուկ բնորոշել՝ աբոզին կապված մսացուի կերպարին դատապարտվածությունից: Դա ազգային-պետական վերագտնումի ռեսուրս դարձնելու խնդիր պետք է լուծվի: