«Իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքի՝ մեկնաբանել լրագրողներին Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը առ այն, թե ինչու է նա կրկին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու՝ ի հեճուկս չառաջադրվելու մասին իր խոստման:
Ինչպես նշեց վարչապետը, այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը վարչապետի թեկնածու վերստին առաջադրվելիս իմացել է ԼՂ գլխին կախված «վերահաս արհավիրքի» մասին. «Սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018թ. դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականը, այլև նոր նյուանս է ավելացնում և ավելի ուժեղացնում այդ գնահատականը: Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների վիճակում են եղել 2018, 2017թթ.-ներին, որովհետև դիվանագիտական հաղթանակում գտնված լինելը չի նշանակում երկիրը հասցնել վերահաս արհավիրքի իրավիճակին. էդ ո՞ւմ գործողությունների և ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր կանգնել այդ արհավիրքը Հայաստանի դռան դեմը: Իսկ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացել ՀՀ ժողովուրդը»:
Վարչապետը ընդգծեց, որ այդ մասին կարող էին տեղեկացնել գոնե 2018թ. հեղափոխությունից հետո. «Բա եթե էդ արհավիրքը վերահաս էր, 2018թ. մայիսի 9-ից սկսած այդ մարդիկ ասում էին՝ տալիս են-տալիս են, տարան-տարան: Թող տեղեկություն տային, ոչ թե փորձեին կառավարությանն էլ մոլորության մեջ գցել: Էդ ոնց է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերի մասին կառավարությանը նամակ նամակի հետևից գրեր ու չէր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք»:
«Եկեք ֆիքսենք, որ 2017թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին և 2018թ. հունվար-փետրվարին ՀՀ-ն և ԼՂ-ն եղել են վերահաս արհավիրքի դեմ հանդիման»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:






Բաց մի թողեք
Ուրախ եմ բացել Մեծ Բրիտանիայի Պաշտպանության բաժինը Երևանում․ Լորդ Քոքեր. Լուսանկար
Կիրակի օրը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ պատարագի. Փաշինյան
Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»