27/07/2024

3 կարծիք․ Բաքուն պետք է հասկանա, որ չենք հանդուրժի բռնություն ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, նրա կողքին ենք. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել:

Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար:

Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ: Երկկողմ հարաբերությունների խնդիր կա։ Ռազմական ուժը, ինչպիսին Ադրբեջանն է, ագրեսիվ է մի պետության նկատմամբ, որը խիզախորեն փորձում է մտնել եվրոպական ժողովրդավարական ճամբար: Մենք չենք կարող թույլ տալ, որ զենքի ուժը գերիշխի:

Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Մենք շատ կոշտ կլինենք նրանց նկատմամբ: Երևանը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք»,- ասել է նա:

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը:

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի բարեփոխումներին՝ ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ժողովրդավարությանը: Մենք տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամության վերացման կողմնակից ենք:

Պետք է նշել Ռուսաստանի ցինիկ պահվածքը: Հայաստանը հույսը դրեց նրա հանձնառության վրա և խաբվեց: Տրամաբանորեն սա հանգեցրեց նրան, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը սառեցրեց իր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար և միշտ հետևել է իր իմպերիալիստական ծրագրերին տարածաշրջանում ու աշխարհում:

Մյուս կողմից՝ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում քաղաքական կայունության և տնտեսական բարգավաճման հարցում: Այս տեսանկյունից, ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը ճակատագրական է: ԵՄ-ն զարգացման ամենամեծ դոնորն է Հայաստանում, առևտրային երկրորդ գործընկերը: ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ամուր և բազմակողմանի չեն եղել, և գործընկերային համաձայնագիրը Հայաստանն օգտագործում է ներքին բարեփոխումների իրականացման համար:

Միաժամանակ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները խոչընդոտում են Հայաստանի սոցիալ- տնտեսական զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում:

Ես աջակցում եմ վարչապետ Փաշինյանի ջանքերին Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումներ անցկացնելու հարցում՝ հասնելու խաղաղության երկու հարևանների միջև, հետևելով երեք սկզբունքի՝ ուժի չկիրառում, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում:

Մենք Հայաստանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները տնտեսական, ֆինանսական, սոցիալական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Հայաստանը մենակ չէ, մենք պետք է հնարավորինս շուտ տրամադրենք վիզայի ազատականացումն այդ հանրապետությանը: Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է»,- ասել է Կովաչևը:

Բուլղարացի պատգամավորը խոսքն ավարտել է հայերեն. «Աստված պահապան Հայաստանին»:

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:

«ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածում գրված է, որ ցանկացած եվրոպական երկիր, որը հարգում է մեր արժեքները, կարող է դառնալ ԵՄ անդամ, և Հայաստանն էլ իրապես եվրոպական երկիր է՝ իր արժեքներով, մշակույթով և, վստահ եմ՝ ապագայով:

Մենք պետք է պաշտպանենք Հայաստանի ժողովրդավարությունը: Դժբախտաբար, տարածաշրջանում Հայաստանի գոյությունը երաշխավորված չէ: Հայաստանին հետևում կանգնած Ռուսաստանը կանաչ լույս վառեց էթնիկ զտմանը Լեռնային Ղարաբաղում: Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպքի եվրոպական ապագան՝ երաշխավորելով անվտանգություն և բարգավաճում: Սա կլինի պատմական արդարության դրսևորում:

Դա հեշտ ճանապարհ չէ, բայց պետք է անել առաջին քայլերը: Վիզայի ազատականացում հայերի ազատ ճանապարհորդության համար, տնտեսական խոր ներգրավում, պետք է արագացնել անձնական և սոցիալական կապերը, որոնք կապահովեն, որ հայերի հաջորդ սերունդները քաղեն եվրոպական օգուտները:

Ավելի կարևոր է, որ մենք հասկացնենք Ադրբեջանի նախագահին, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դաժան հետևանքներ կունենա: Մենք թույլ չենք տա ևս մեկ բռնի հարձակում՝ եվրոպական սահմանների վերաձևավորման համար»,- շեշտել է գերմանացի պատգամավորը: