27/07/2024

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Թղթով լինելով Հայաստանի դաշնակիցը՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ դա ողջունել են թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ և ԵՄ երկրները։

«Ըստ որում, Ռուսաստանը ներկայացնում է նաև դրան դեմ արտահայտվելու պատճառը՝ «Սյունիքը և տրանսպորտային միջանցքը չեն հանձնվում Ռուսաստանին․․․», այլ «Խաղաղության խաչմերուկի» բոլոր ճանապարհները լինում են Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ասել է թե՝ Ռուսաստանը պաշտոնապես դեմ է արտահայտվում Հայաստանի ինքնիշխանությանը, կամ որ բացարձակ նույնն է՝ պետականությանը։

Ավելի դաժան հետևություն՝ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյապահպանական ու գոյութենական շահերի հարցում Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը ոչ թե չեն համընկնում, այլ տրամագծորեն հակառակ են։ Այսինքն՝ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ լինել պարզապես չեն կարող։

Սա է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական տեսակետից բխող միակ ու միարժեք հետևությունը։ Ըստ որում՝ Մոսկվան հրաշալի գիտակցում է, որ ոչ միայն այդպիսի «ճարտարապետությունը» նախատեսված չէ 2020թ․ եռակողմ հայտարարությամբ, այլ նաև դա արգելված է միջազգային իրավունքով, մանավանդ որ Հայաստանի բնական դաշնակիցները վերջին 3 տարիներին շեշտել են հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացում Հայաստանի ու տարածաշրջանի երկրների ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը, որի պատճառով էլ Մարիա Զախարովան խոսում է «տրամաբանությունից», ոչ թե նրանից, թե ինչ է գրված եռակողմ հայտարարության մեջ կամ միջազգային իրավունքում։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու Մոսկվան «թույլ տվեց», որ իր և Անկարայի գործիք Ադրբեջանը սահմանային խնդիրներ ստեղծի Հայաստանի հետ ու համար, որպեսզի Հայաստան-Ադրբեջան սահմանը չճանաչվի, ու որպեսզի երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խնդիրները արագ չհասցեագրվեն․․․ Որպեսզի Հայաստանից պոկվի Մեղրիի միջանցքը․․․․ Ու սա նաև չափազանց հասկանալի է դարձնում, թե ինչ ու ինչու կատարվեց 1999թ․ հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում, երբ Պուտինը Հայաստանի դաշնակիցն էր․․․

Մնացած հետևությունները պետք է հայ ժողովուրդն անի»,- գրել է նա:

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան ասել է, որ ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է։