Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, դիվերսիայի փորձ կատարած Ռուսլան Փենախովը ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հանգամանքները քննությամբ պարզվում են:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Փետրվարի 28-ի լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:
Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ զինծառայողը Ռուսլան Փանախովն է, որ մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Անդրադառնալով սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր լուրերը, թե սահմանը երկու զինծառայող է հատել՝ հաստատելով մեկի փաստը:
Նա դժվարացել էր նշել, թե ինչ ճակատագիր կունենա ադրբեջանցին՝ միաժամանակ նկատելով, որ առաջադրված մեղադրանքից հետո ադրբեջանական կողմի հետ կխոսեն՝ հաշվի առնելով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանում գերիներ ունի:
Քոչարյանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ շատ դժվար է հայկական կողմի բնագծերն աննկատ անցնել։
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական, սակայն իրականությունն այլ է. Լուսանկար