21/11/2024

Ավելի լավ է՝ ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնում է, թե չէ. Քոչարյանին լրագրողների հարցերը հունից հանեցին

«Որտեղից եք վերցրել, ասում են՝ ո՞վ, ես երեկ ասել եմ, ուզում եք նորից կրկնեմ, չեմ կրկնելու, իմ ասածը մնում է ուժի մեջ»:

Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում սահմանը հատած ադրբեջանցուն և պտտվող լուրերին, թե մի քանիսն են եղել. «Հերիք է սխալ տեղեկություն տարածեք աջ ու ձախ, է՜ս ինչ բան է, տեղեկություններ են տարածվել, որտեղի՞ց են տարածվել՝ աղբյուր չեք կարո՞ղ ասել: Ձեր մյուս գործընկերների աղբյուրներով էլ ուրիշ բաներ են տարածվում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ուզում են Հանձնաժողովի նախագահի պարզաբանումը, նա նշեց. «Հանձնաժողովի նախագահը երեկ ասել է, դուք ավելի լավ է ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնում է, թե չէ: Վերջացրեք, ասում եմ, ի՞նչ է եղել, ինչ որ եղել է, երեկ մանրամասն տեղեկությունը տարածվել է, ինչո՞ւ եք կեղծ տեղեկատվություն տարածում»:

Երեկ լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով և 1 պահատուփով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:

Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռուսլան Փանախովը մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Անդրադառնալով սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր լուրերը, թե սահմանը երկու զինծառայող է հատել՝ հաստատելով մեկի փաստը:

Նա դժվարացել էր նշել, թե ինչ ճակատագիր կունենա ադրբեջանցին՝ միաժամանակ նկատելով, որ առաջադրված մեղադրանքից հետո ադրբեջանական կողմի հետ կխոսեն՝ հաշվի առնելով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանում գերիներ ունի:

Քոչարյանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ շատ դժվար է հայկական կողմի բնագծերն աննկատ անցնել։