13/12/2024

ԵՄ թեկնածու-անդամ դառնալու ու ՀԱՊԿ-ի դերակատարությունը անհասկանալի դառնալու մասին

«Մենք չպետք է ինչ-որ հակադրությունների մեջ փորձենք տեսնել ՀՀ անվտանգության դիվերսիֆիկացիայի հարցը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները ջերմացվելու են ՀԱՊԿ-ից դո՞ւրս, թե՞ ՀԱՊԿ-ին զուգահեռ:

Նա նշեց, որ իրավիճակը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ ՀԱՊԿ-ում. «ՀԱՊԿ-ի դերակատարությունը անհասկանալի է դարձել ոչ միայն մեզ համար, այլև ՀԱՊԿ շատ այլ գործընկերների»:

«Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը որպես այդպիսին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով մյունխենյան հանդիպումներին առնչվող հարցին:

Նրա խոսքով՝ հանդիպումները շարունակվում են, ինչը շատ կարևոր է: Իսկ թե իշխանությունները բանակցությունների որ ուղղությունն են նախընտրում, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մենք արդյունավետ ենք համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները: Գերմանիսն Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել է այն փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները»:

«Յուրաքանչյուր հինգշաբթի կուսակցության գրասենյակում ունենում ենք Նախաձեռնող խմբի հանդիպումներ, որտեղ քննարկում ենք ամենատարբեր օրակարգային հարցեր:

Քննարկում ենք նաև մեր համագործակցությունները համաշխարհային տարբեր կուսակցական միավորների հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են եվրոպական քաղաքական ընտանիքի հետ համագործակցելու իրենց ցանկության մասին:

Արթուր Հովհաննիսյանը չբացառեց ՔՊ-ի անդամակցությունը եվրոպական որևէ կուսակցական միավորի:

Ինչ վերաբերում է ԵՄ թեկնածու-անդամ դառնալու Հայաստանի պատրաստակամությանն առնչվող հարցին, Արթուր Հովհաննիսյանը վկայակոչեց վարչապետի խոսքերը՝ «Հայաստանը պատրաստ է այնքան մոտենալ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն է պատրաստ», և հավելեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը այս համատեքստում է եղել: «Այո, մենք պատրաստ ենք ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»,- ասաց նա և ընդգծեց նաև ԵՄ դիտորդական առաքելության նշանակությունը մեր սահմաններին: