12/12/2024

Հայ-թուրքական սահմանը նախ կբացվի 3-րդ երկրի և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, հետո՝ քաղաքացիների. Քըլըչ

Հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար:

Այս մասին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Հայաստանից Թուրքիա և հառակ ուղղություններով իրականացվում են չվերթներ, ինչը նշանակում է՝ երկու երկրի քաղաքացիների միջև երկխոսություն կա:

«Սահմանների բացումը միակ քայլը չէ, մենք այլ քայլեր էլ ենք ձեռնարկում իրավիճակի կարգավորման համար: Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ապրելու համար, վերջիններս անգամ ներդրումներ են անում Ստամբուլում: Այսինքն՝ ջանքեր գործադրվում են, և երբ գա ժամանակը, սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը», – նշել է թուրք դիվանագետը:

Նա հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման հետ մեկտեղ Թուրքիան անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ, բանակցային արդյունքները պետք է դրական ազդեցություն ունենան երկու կողմի համար:

«Սակայն եթե անցյալից դասեր չքաղենք, ամեն ինչ ապարդյուն է լինելու: Կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է հաշվի առնել երեք երկրի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի վիճակը», – նշել է Քըլըչը:

Ըստ նրա՝ կարգավոման գործընթացը բավականին բարդ է, հնարավոր չէ իսկույնևեթ արդյունքի հասնել:

«Կարծում եմ՝ կարելի է հաղթահարել որոշ տարաձայնություններ և շարունակել բանակցությունները, միշտ էլ կարելի է որոնել հարցերի լուծումը», – եզրափակել է Քըլըչը: