27/07/2024

Նուբարաշենում դանակահարվել է 3 երիտասարդ. վիճաբանել են մեքենայի կայանման շուրջ

Փետրվարի 29-ին՝ Ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:

Նուբարաշեն են մեկնել մեծ թվով իրավապահներ:

Կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:

Պարզվել է, որ վիրավորներն են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ.-ն է, և 24-ամյա Արթուր Գ.-ն: Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկաններն ու պարեկները, չունենալով հստակ դեպքի վայր, Նուբարաշենի վարչական տարածքում մի քանի ժամ շարունակ հետախուզական աշխատանքներ են կատարել, ի վերջո պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Կայքի տեղեկություններով՝ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն, Սամվել Պ.-ն, և Արթուր Գ.-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին և տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է: