27/07/2024

Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է. Հայաստանը չի ռազմականացվում, այլ կառուցում է իր պաշտպանությունը. Ռուբինյան

«Սահմանադրությունը և դրա շուրջ իրավաբանական գործընթացները Հայաստանի ներքին գործն են և ոչ մի կերպ կա չունի խաղաղության հետ»:

Այս մասին Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի բանախոս Հիքմեթ Հաջիևին, որն իր խոսքում նշել էր, թե ՀՀ Սահմանադրության շրջանակների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում:

Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, այդ մասին բազմաթիվ անգամ ասվել է, փաստաթղթով ամրագրվել, բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և հենց դա կլինի խաղաղության պայմանագիրը։

Այնուհետ հայկական կողմի բանախոսը կրկնել է խաղաղության պայմանագրի 3 հիմնական դրույթները, որոնցից մեկն էլ այն է, որ կողմերը պարտավոր են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և չեն պահանջում կամ ակնկալում որևէ տարածք մյուս կողմից:

«Կարծում եմ, լավագույն տարբերակը այս դրույթների ամրագրման՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,- ասել է Ռուբինյանը:

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հայաստանը չի ռազմականացվում, այլ ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը։

Այս մասին Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան մյուս բանախոսների հայտարարությունների, թե Հայաստանը զինվում և «ռազմականացվում» է:

«Հայաստանն ունի անվտանգային մտահոգություններ, այդ թվում՝ Ադրբեջանի պատճառով, ու մենք սուվերեն իրավունք ունենք մեր պաշտպանությունը կառուցելու, չունենք որևէ ագրեսիվ մտադրություն որևէ հարևանի նկատմամբ, մենք հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, բայց իրավունք ունենք կառուցելու մեր պաշտպանությունը»,- նշել է Ռուբինյանը:

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հայկական կողմն ամեն ինչ անում է՝ իրականացնելու համար Ալմաթիի հռչակագրով ամրագրված հիմնական սկզբունքները, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ցավոք, բավարար ջանքեր չենք տեսնում Ադրբեջանի կողմից։

Այս մասին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմի ջանքերը փոխադարձ չեն. «Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր համաժողովներում կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության հիմնական սկզբունքների շուրջ։ Որոնք են դրանք՝ առաջին հերթին տարածքային ամբողջականության փոխադարձ վերահաստատումը՝ հենվելով Ալմաթիի հռչակագրի վրա։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացվելու է Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա։ Կարծում ենք՝ եթե կարողանանք այս գոյություն ունեցող սկզբունքներն ամրապնդել խաղաղ բանակցություններում, շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք դա կարողացել ենք անել մինչև հիմա»:

Ռուբինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կանգ չեն առել ոչ մի ժամանակահատվածում, 2 երկրները շարունակել են փոխանակել իրենց տեսակետները պայմանագրի նախագծի վերաբերյալ։

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն»։

Այս մասին Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանն ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հնչեցրած հարցի ժամանակ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը:

Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։

«Այն հիմնված է այն սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր են գործարկվելու, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»: