27/07/2024

Երբ Հայաստանի վրա հարձակումներ եղան՝ Ռուսաստանը չմատակարարեց գնված զենքը, սկսեցինք նոր գործընկերներ փնտրել. Գրիգորյան

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը և այս պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ինչպես է եղել, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք: Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, ՌԴ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը:

Պայմանագրերը կնքել, բայց չեն սպասարկել: Ավելին, հաճախ հղում է կատարվում Ուկրաինայի պատերազմին, որ դրա հետևանքով չմատակարարմանը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021-ի սկզբին և ավելի քան մեկ տարի չի մատակարարվել: Նաև դրանից հետո չի մատակարարվել:

Դա եղել է ՌԴ-ի որոշումը, երբ որ մեզ կանգնեցրել են փաստի առաջ և մենք ստիպված ենք եղել գնալ դիվերսիֆիկացիայի:

Այդ ամբողջ 250 մլն-ը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել»,- ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: