27/07/2024

ՌԴ-ն փաստեր թող ներկայացնի՝ քննարկենք. Գրիգորյանը՝ ԵՄ դիտորդների հասցեին հնչած պնդումների և նրանց թվի ավելացման մասին

ԵՄ դիտորդների թիվը կավելանա: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարզացրուցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանը շատ երկար է և այն ռեսուրսով, որն այս պահին ունի քաղաքացիական առաքելությունը, չի կարող պատշաճ աշխատանք իրականացնել:

Մենք գտնում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում և ավելի մեծ կարողություններ պետք է ունենա էլ ավելի արդյունավետ աշխատանքի համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Հնարավո՞ր է նաև աշխարհագրությունը մեծանա՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Աշխարհագրությունը միայն հայ-ադրբեջանական սահմանն է»:

ՌԴ-ից մեղադրանք է հնչում, որ այս առաքելությունը ոչ բարեկամական, թշնամական, լրտեսական գործունեություն է ծավալում ՌԴ-ի և Իրանի նկատմամբ: Հարցին ի պատասխան, ԱԽ քարտուղարը նկատեց՝ թե չի հասկանում, ինչու է ՌԴ-ն իր խնդիրները հասցեագրելու փորձի ընթացքում նաև այլ երկրների մասին խոսել:

«Նախ ՀՀ-Իրան սահմանին դիտորդական առաքելությունը ներկա չէ, և ես չեմ հասկանում ինչու են նման բան ասում: Միանշանակ է, որ նրանք միայն ներկա են Հայաստան-Ադրբեջան սահմանին և կայունություն են բերում տարածաշրջան, ինչը բխում է Հայաստանի շահերից:

Նաև չգիտեմ ինչպես կարող են Ռուսաստանին լրտեսություն անել: Ռուսաստանը կարող է ցանկացած մեղադրանք ներկայացնել: Փաստեր թող ներկայացնեն՝ քննարկենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը: