27/07/2024

Ինգուշեթիայում ոչնչացվել է «ԴԱԻՇ»-ի 6 զինյալ. հայտարարվել է հակաահաբեկչական գործողություն

Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում հատուկ գործողության ընթացքում անվտանգության ուժերը ոչնչացրել են վեց զինյալների, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի անվտանգության ուժերի աղբյուրը։

«Նախնական տվյալներով՝ բախման ընթացքում ոչնչացվել է վեց զինյալ, նրանց ինքնությունը պարզվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ՀԱԿ) հաստատել է վնասազերծված վեց ահաբեկիչների մասին տեղեկությունը։

Գերատեսչության տվյալներով՝ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ տանը հրդեհ է բռնկվել, իսկ հանցագործները փորձել են տեղափոխվել այլ հարկ։ Այժմ հրդեհը մարվել է։

«Ահաբեկիչների կողմից արգելափակված տնից փախչելու փորձերը կասեցվել են, ավազակների ինքնությունը պարզվել է։ Ըստ առկա տվյալների՝ նրանք միջազգային ահաբեկչական «ԴԱԻՇ» կազմակերպության հետևորդներ են եղել և մի շարք ահաբեկչական հանցագործություններ են կատարել՝ ներառյալ 2023 թվականի մարտին Ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը և երեք ոստիկանի սպանությունը», – ավելացրել է ՀԱԿ-ը։

Դաշնային հետախուզման մեջ է եղել երեք հանցագործ, այդ թվում՝ հանցախմբի ղեկավարը։

Հատուկ հակաահաբեկչական գործողության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել։