27/07/2024

Կրեմլը հայաստանյան ընդդիմադիր դաշտի մոբիլիզացիա է հայտարարել. հավաքագրվել են քաղաքական «վեցնոցներն» ու «վառված» խաղաքարտերը

Եղանակի տաքացմանը զուգահեռ՝ ի ցույց արևի իրենց գլուխներն են հանում ոչ միայն ձնծաղիկները, այլ նաև հայաստանյան ընդդիմադիր դաշտի «ծաղիկները», որոնց թվարկելիս թերևս դիմենք Սայաթ-Նովայի քնարին՝ «հոտով հին, միխակ, դարչին, վարդ, մանիշակ, սուսանբար»-ները, ինչպես նաև «կարմրագոյն՝ դաշտի ծաղիկ, հոտվաց շուշանները»։

Ընդդիմադիր այդ «ծաղկեփնջի» որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ ազդարարել են «ձնհալի»՝ գարնանամուտի մասին՝ ի դեմս «Միասին» հասարակական-քաղաքական շարժման (գլխավորությամբ Էդգար Ղազարյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և այլոց), որը հանրահավաքների շարք է սկսել։

Այդ ակտիվացմանը հաջորդեց ռուս սուրհանդակների՝ քաղաքագետ Դմիտրի Սուսլով և այլք, ՀՀ գործուղումը՝ տեղի փորձագետներին ինստրուկտաժ անելու, միաժամանակ ՀՀ իշխանություններին հասկացնելու, թե՝ «չափներդ ճանաչեք, քարը փեշներիցդ թափեք ու խելքի եկեք, թե չէ՝ ՀԱՊԿ-ին «ակուրատնի ձևով» գրողի ծոցն ուղարկելը, ԵՄ-ի, Ֆրանսիայի հետ ձեր տալ-առնելը՝ դիտորդներ, զենքի գնում և այլն, կարող է ունենալ ձեզ համար վատ, ողբերգական հետևանքներ»։

Ի դեպ, կազմակերպված քննարկումը, որի շրջանակներում էլ «սուսլովները» հնչեցրին իրենց նախազգուշացում-սպառնալիքները, կազմակերպվել էր ռուսական քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մասնավորապես «Փիղ» մականունով Տիգրան Քոչարյան, քաղաքագետ, լրագրող Հայկ Խալաթյան…

Հարկ է հիշեցնել, որ ռուս, հետն էլ ադրբեջանամետ պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոն օգոստոսին՝ նախքան ԼՂՀ-ի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերյան ռուս-ադրբեջանական ագրեսիան, սոցցանցի իր էջում դժգոհել էր հայաստանյան ագիտպրոպի աշխատանքից՝ բացահայտելով նրանցից ոմանց. «Հետաքրքիր է, բայց մենք դեռ շարունակում ենք կերակրել քաղցած եղբայրական քրիստոնյա քաղաքագետների այս ամբողջ ոհմակին, տարբեր Հայկ Խալաթյանների, Արման Աբովյանների, բուրգերների…»։

«Փիղ» մականունով Քոչարյանն, ի դեպ, այդ օրերին Ֆեյսբուքի իր էջում անկեղծության պոռթկում էր ունեցել, թե. «Ինձ համար Արցախն ավելի թանկ է, քան Հայաստանի պետականությունը։ Որովհետև եթե չլինի Արցախը, էլ ում խ…-ին ա պետք տենց Հայաստանի Հանրապետությունը…»։

Սա պատահական հայտարարություն չէ, և, հաշվի առնելով այս կարևոր հանգրվանային փուլում «Փղի» և նրա՝ ռուսական ագիտպրոպի տեղական ներկայացուցիչների կազմակերպած քննարկումները, կարելի է ենթադրել, թե դրանք ինչ հեռահար նպատակ են իրենց առաջ դրել։ Ի դեպ, նույն այս ագիտպրոպի հետ «ասոցացված փորձագետ» մեկ այլ Տիգրան՝ ԱԺ ՊՈՒ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որի կուսակիցները երկու շաբաթ առաջ ՌԴ էին մեկնել, նախորդ շաբաթ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում «ավանսով» գուժեց Հայաստանի «ընկնելու» մասին։

Ուշադրության է արժանի այն համատեքստը, որից էլ ընդդիմադիր սույն գործիչը բխեցրեց Հայաստանի «ընկնելը»։ Ելույթի սկզբում խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների «փչացման», «նշաձողի իջեցման», Ֆրանսիայից, Հնդկաստանից զենքի գնման մասին և, ամենակարևորը, նման գնումները գնահատելով «բարեկամ կամ դաշնակից երկրի տարածաշրջանային շահերի դեմ» արված քայլ՝ Աբրահամյանն ազդարարեց. «Հայաստանն ընկավ, որովհետև երկրի ղեկը ստանձնեցին արկածախնդիրներ, ովքեր սեփական շահն ու իշխանությունն ամեն ինչից վեր են համարում, մարդիկ, ովքեր ինքնիշխանության անվան տակ ում թրի տակով ասես՝ չանցան, ում ասես՝ չերկրպագեցին, իսկ գինը տանուլ տված հայրենիքն է»։

ՊՈՒ-ականի այս չարագույժ հայտարարության «կոչնակը» առանց ներքաղաքական ռեզոնանսների մնալ չի կարող՝ հաշվի առնելով այն, թե ինչ ուժերի հետ աֆիլացված սուբյեկտի կողմից է այն արվում, նաև այն՝ առայժմ աներևույթ ու կամ ոչ այնքան տեսանելի «զորաշարժերը», որոնք առաջիկայում առարկայական կդառնան։

Շուտով,որոշ տեղեկություններով՝ (ինչպես Շիրազը կբնութագրեր), «սարից քաղաք» կիջնի ու «խայտալով կքայլի» մեկ այլ՝ Աբրահամյանի խմբակցության հետ ասոցացվող ընդդիմադիր գործիչ՝ ԱԱԾ նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի հետ 2021-ին դաշինք կազմած ու ԱԺ մուտք գործած Արթուր Վանեցյանը։ Վերջինիս գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, նկատենք, տևական ժամանակ է՝ ընդհատակ է անցել։

Դատելով կուսակցության ֆեյսբուքյան էջի թարմացումներից՝ քաղաքական այս ուժն իր վերջին ակտիվությունը ցուցաբերել է 2023 թ. հուլիսի 15-ին՝ «խստորեն դատապարտելով ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը»։ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան վերջին ակտիվությունն էլ դեկտեմբերի 31-ին է արձանագրվել. նա, հետևելով «ընդդիմադիր թրենդին», կիսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձով։

Հարկ է նկատել, որ Վանեցյանը նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել էր Սամվել Շահրամանյանին, իսկ օրեր անց տեղի ունեցած սեպտեմբերյան ագրեսիայի, արցախահայության բռնի տեղահանման թեմայով որոշել է ֆեյսբուքյան տիրույթում «քար լռություն» պահպանել։

Վանեցյանը, հիշեցնենք, մեկ անգամ արդեն անցել է ընդդիմադիր շարժում բորբոքելու ոդիսականով. 2022 թվականի ապրիլյան մի գեղեցիկ օր նախկին ԱԱԾ-ականը որոշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույց սկսել՝ այսպիսով ազդարարելով ՀՀ ընդդիմադիր դաշտի «արաբական գարնան» մասին, որին էլ շաբաթներ անց հաջորդեց «լաոյին» զարթնեցնելու՝ «Դիմադրություն» շարժումը։

Նկատենք, որ Վանեցյանին սատարող, գործող իշխանության թիմից 44-օրյա պատերազմի ավարտից հետո ընդդիմադիր ճամբար «թռած» որոշ գործիչներ ընդհուպ հայտարարում էին՝ տուն չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի գնացել իրենց տուն։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, այդ հայտարարությունից հետո ամեն օր գնում-գալիս է տուն՝ Կառավարական տունը նկատի ունենք, իսկ այ Վանեցյանն ու մյուս ընդդիմադիր «զարթուցիչները» իշխանափոխությունը «ոտքներին գցելուց» հետո ստիպված եղան գնալ իրե՛նց տներով, ոմանք էլ, մասնավորապես Վանեցյանը որոշեց պատվով ընդունել նստացույցի անփառունակ վախճանն ու վայր դրեց մանդատը։

Նկատենք, որ ընդդիմադիր դաշտի այս «ձնհալը» նրանց կամոք իրականացվող ակտ՝ ինքնագործունեություն դժվար է անվանելը։ Սա, ինչպես նաև նախորդիվ տեղի ունեցած բոլոր՝ գարնանային, ամառային և մնացած բոլոր սեզոնների ակտիվացումները, որոնք մեկ օրակարգով են տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ակնհայտորեն ունեն արտաքին պատվիրատու, որին գուշակելը բնավ բարդ չէ։

Թեև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովան օրերս «երդում էր կերել», թե՝ «ՌԴ պաշտոնական դեմքերը երբեք անգամ ակնարկ թույլ չեն տվել օրինական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալման կոչերի առնչությամբ», սակայն ՀՀ քաղաքական դաշտի սպեցիֆիկայից մի թեթև գլուխ հանող ցանկացած ոք կարող է հստակ նշել, թե որտեղից են փչել ու փչելու առաջիկա «սառնաշունչ քամիները»։ Հընթացս թարմացնենք տիկին Զախարովայի հիշողությունն ու ֆիքսենք, թե ինչ էր ակնարկում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին։

Իր «եղբայրական երկրի գործընկերոջը» Մեդվեդևը հիշեցրել էր ՆԱՏՕ-ի հետ «սիրախաղերի» և նրա կնոջ՝ Ռուսաստանի «թշնամիների մոտ» «ցուցադրական ուղևորության» մասին։ Իր Telegram-ի ալիքի գրառման մեջ Մեդվեդևը հայտնել էր, թե ինչպես է այդ գործընկերը մի անգամ իրեն ասել. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:

«Ես պատասխանել եմ՝ ինչ պետք է. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»։ Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո որոշեց Ռուսաստանի վրա բարդել իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը։ Հետո նա հրաժարվեց իր երկրի մի մասից։ Այնուհետև նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ»,- գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Եվ եզրակացրել է. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասում նրան»:

Այս հայտարարությունից հետո Երևանում տեղի ունեցան «ընդդիմադիր հուզումներ»՝ Երևանի քաղաքապետ չդարձած, նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը (որը հետո Մոսկվա կանչվեց, ՌԴ պետական ալիքով որպես «էքսպերտ» իր «սրտի խոսքն» ասաց Փաշինյանի «սորոսական ռեժիմի» մասին), Կորոտչենկոյի ասած «բուրգերը» և այլք փորձեցին Փաշինյանի հեռացման հերթական ռաունդը գլուխ բերել, սակայն… այս անգամ էլ չհաջողեցին։

Հաշվի առնելով Մեդվեդևի շրջանառության մեջ դրած «հանելուկը»՝ «գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասում նրան», կարող է «գուշակվել» առաջիկայում գործի դրվելիք «ընդդիմադիր վարիացիաների» միջոցով։ Հատկապես, որ ռուսահպատակների «մոբիլիզացիան» տևական ժամանակ է՝ մեկնարկել է։ Ցուցակագրվել են ոչ միայն քաղաքական «վեցնոցները», այլ նաև մեկ անգամ արդեն իսկ խաղարկված ու, այսպես ասած, «վառված» խաղաքարտերը՝ ի դեմս «կադրային չեկիստների»։

ԼՂՀ-ի բռնի տեղահանումից հետո ակտիվացած պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը, ինչպես հայտնի է, «Համահայկական ճակատ» կոչվող շարժում է ձևավորել և նույնպես ՀՀ-ում իշխանափոխություն անելու՝ «հայրենատիրական» պլան է մտմտում։ Օրերս հայտնի դարձավ, որ նրան է միացել… ուշադրություն՝ «Հայոց Արծիվներ»-ի Խաչիկ Ասրյանը։