ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀԱՊԿ-ի առնչությամբ Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր զրույցի մասին տեղեկությունները:
«Վլադիմիր Պուտինի գրաֆիկում չկա որևէ զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում աշխատելու կամ այն լքելու որոշման հետ»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո Հայաստանը սառեցրել է, քանի որ հարց են տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չեն ստացել:
«Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք: ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»,- ասել էր նա:
Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն հաջորդ օրը հայտարարել էր, թե չնայած շարունակ հնչող հայտարարություններին՝ Հայաստանը կոնկրետ իրավական քայլեր չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար:
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում:
«Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- նշել էր նա:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին