27/07/2024

ՌԴ-ն արդեն «որոշակի դեմարշ» է արել. Պեսկովը՝ Ղրիմի կամրջի վերաբերյալ բունդեսվերի սպաների զրույցի ձայնագրության մասին

Բունդեսվերի սպաների զրույցի բովանդակությունըևս մեկ անգամ ցույց է տալիս ուկրաինական հակամարտությանը արևմտյան երկրների ներգրավվածությունը։

Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ձայնագրությունն ինքնին հուշում է, որ բունդեսվերի պատերի ներսում բովանդակային և կոնկրետ քննարկվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում հարվածներ հասցնելու ծրագրերը։ Սա որևէ իրավական մեկնաբանություն չի պահանջում։ Այստեղ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա ծանոթանալ Գերմանիայի իշխանությունների կողմից այս ձայնագրության ստուգման արդյունքներին, որը նախաձեռնել է կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Այստեղ մենք պետք է պարզենք, թե արդյոք Բունդեսվերը դա անում է իր նախաձեռնությամբ, ապա հարցն այն է, թե որքանով է վերահսկելի Բունդեսվերը և որքանով է պարոն Շոլցը վերահսկում այս իրավիճակը, թե՞ դա Գերմանիայի պետական քաղաքականության մի մասն է»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն «որոշակի դեմարշ» է արել՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին ԱԳՆ կանչելով։

Դեսպանն այսօր առավոտյան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Հայտնի է, որ նա մեկ ժամից ավելի է անցկացրել նախարարությունում ու լքել այն՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

«Իզվեստիա»-ին դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ գերատեսչությունում Լամբսդորֆի հետ զրույցի ընթացքում, բացի զրույցի ձայնագրության քննարկումից, «բարձրացվել են նաև այլ հարցեր»։

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, հրապարակել էր գերմանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման ամբողջական սղագրությունը Ղրիմի կամրջին Taurus հրթիռային հարվածների մասին, որը, ըստ նրա, տեղի է ունեցել փետրվարի 19-ին։ Զրույցի ընթացքում զինվորականները քննարկել են Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման հարցը։