27/07/2024

Անհարմար է, «Եռաբլուր»-ում ենք, ես եկել եմ եղբորս ծնունդը շնորհավորելու. Արամ Սարգսյանը՝ լրագրողներին

«Վազգենն իր տեսակով մարմնավորում է ու, իմ կարծիքով, արդեն դարձել է սիմվոլ ազգի համախմբման ու հաղթանակի, ու դա ամենակարևորն է»:

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նա նաև նկատեց. «Առավոտյան եկել են իշխանությունները, հիմա՝ ընդդիմությունը, ու Վազգենը կարողանում էր դա անել, դա ամնաճիշտն էր: Մենք այն վիճակում ենք, որ մեր երկրին համախմբվել է պետք, ոչ թե իրար մեջ ինչ-որ բաներ փնտրել»:

«Գիտեք՝ սպարապետի ծնունդն է, ու ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ»:

Հարցերի տեղատարափին վերջինս կրկին արձագանքեց, որ եղբոր ծննդյան օրը չի պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ:

Հարցին, թե հա՞շտ է, որ իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը անվանում է Ադրբեջան, վերջինս նշեց. «Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք: Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար, անհարմար է, «Եռաբլուր»-ում ենք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունը շնորհավորելու, հիմա թողեք գնամ: Ես չեմ խոստացել որևէ հարցազրույց տալ և չեմ ուզում որևէ մեկի հետ բանավիճել»:

Դիտարկմանը, թե դուք աջակցում է մի իշխանության, որը թաղել է եղբոր ազատագրած Արցախը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել կամ չհամաձայնել, թե ով և երբ են թաղել, երբ որ քո նմանները 5000 քվե էին տալիս»: