27/07/2024

Կառավարությունը մի ողջ թաղամաս հանրային գերակա շահ է ճանաչել

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Սարյան փողոցի փոստն ու հարակից մի ողջ թաղամաս հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռենշին» ՍՊԸ-ն կառուցելու է Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC), որն իրենից ներկայացնում է «Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ»:

Այլ կերպ ասած` տարածքում պետք է ահռելի բիզնես կենտրոն կառուցվի, ուստի կառավարությունը պատրաստվում է հանրային գերակա շահ սահմանել 1-ին, 2-րդ Թափաբաշ փողոցների, Ֆրիկի, Սարյան եւ Պարոնյան փողոցների, Կոզեռնի, Ռուսթավելու, Սուրբ Հովհաննես փողոցների մոտ 60 հասցեների ու հողատարածքների նկատմամբ: Կարճ ասած՝ մի ահռելի տարածք»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման շարունակում է կրքեր բորբոքել: Բանն այն է, որ այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ, ուստի, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել օտարման ժամանակ փոխհատուցման հստակ չափի մասին:

Ըստ այդմ, քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, իրականացվում են թաղամասի սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ: Այս պահին, մեր տեղեկություններով, քաղաքապետարանում կա մոտ 300 դիմում, սակայն կոնդեցիներից ոմանք կա՛մ դեռ չեն շտապում դիմել, կա՛մ կտրուկ դեմ են արտահայտվում Կոնդի «քանդմանը»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ զայրացած նշել է, թե՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար», նկատի ունենալով, որ սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նրա համար, որ կոնդեցիները նորմալ փոխհատուցում ստանան: Ավինյանը, մեր տեղեկություններով, նաև շեշտել է, որ եթե կոնդեցիները շարունակեն խոչընդոտել, ապա իրենք պարզապես կդադարեցնեն սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքները, սակայն, միևնույնն է, նոր քաղաքաշինական ծրագիրն իրականացվելու է ամբողջ ծավալով: Միայն թե այս դեպքում համապատասխան դիմում չներկայացրած, տեղական տուրքը չվճարած ու համապատասխան ճշգրտումներ չկատարած քաղաքացիները անհամեմատ փոքր ծավալի փոխհատուցում կստանան: