ՀՀ ԱԱԾ-ն մանրամասնել է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը որոշում կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։
«2024 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ի լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:
Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ զինծառայողը Ռուսլան Փանախովն է, որ մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, դիվերսիայի փորձ կատարած Ռուսլան Փենախովը ձերբակալվել է:
Բաց մի թողեք
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ. Լուսանկար
Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս