27/07/2024

Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, դաշնակցի հետ համատեղ կառուցվածքները կան միայն թղթի վրա․ ԳՇ պետ

«Ներքին Հանդի միջադեպի հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել, ավարտական փուլին հասնելու պարագայում դրա մասին կտեղեկացվի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ներքին Հանդում ռուս խաղաղապահները թույլ չեն տվել եվրոպացի դիտորներին այնտեղ գնալ ու իրենց գործառույթներն իրականացնել, ԶՈՒ ԳՇ պետն արձագանքեց՝ հարցը քաղաքական ուղղվածության է. «ԶՈՒ ԳՇ-ն իր համագործակցության շրջանակներում իր առջև դրված խնդիրները կատարում է, և տվյալ հարցն ինձ ուղղելը ճիշտ չէ»:

Հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչի՞ կարող է հանգեցնել, և որքանո՞վ է անվտանգային միջավայրը փոխկապակցված ՀԱՊԿ-ի հետ, Ասրյանը պատասխանեց՝ Հայաստանը դեռ վերոնշյալ կառույցից դուրս չի եկել։

«Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ հարցը, թե ինչի կհանգեցնի դուրս գալը, գաղտնիք է պարունակում»,- նշեց ԶՈՒ ԳՇ պետը՝ հավելելով, որ բանակում դաշնակից պետությունների հետ համատեղ կառուցվածքները կան միայն թղթի վրա։

«Ներկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է հակառակորդի շարժերին, չկան այնպիսի կուտակումներ, որը ներկայացնում եք»։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Սյունիքի ուղղությամբ զորքերի կուտակում կա:

«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդում ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծը մի այնպիսի կառուցվածք Է, որը և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված։ Եթե հակառակորդը ունի 20 դիրք, մի այդքան էլ մենք ունենք: ՀՀ ԶՈՒ-ը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները»,- վստահեցրեց նա։