Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, Տելեգրամի իր հետևորդներին հիշեցրել է իր մասին։
Առիթը ՀՀ սահմանը օրերս հատած ադրբեջանցի զինվորի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու իրավապահների որոշումն է։ «Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար պայքարելու համար, իսկ զենքով սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում»,- Տելեգրամի իր ալիքում գրել է կրտսեր Քոչարյանը, նրա մտքի արգասիքն էլ տիրաժավորել են մի շարք կայքեր։
Որդի Քոչարյանի այս երկտողանի գրառումը կարելի էր անտեսել՝ համարելով ընդդիմադիր շարքային գործչի նեղանձնական նվնվոց, սակայն այն մեր ուշադրության տակ առանք՝ մի քանի հանգամանք արձանագրելու համար։ Ամեն ինչ հերթով։ Նախ՝ անդրադառաք նորաթուխ քաղգործչի այն դիտարկմանը, թե «իրեն և մյուսներին դատում են…»։ Պարոն Քոչարյանին պետք է լուսավորել, որ ՀՀ-ում, ի տարբերություն իր հոր պաշտոնավարման տարիների, չեն դատում չգործած հանցանքների համար։ Իսկ որքան գիտենք՝ «Արցախի համար պայքարել»-ը ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմ չէ, և այդ արարքի համար, բնականաբար, իրավական պատասխանատվություն նախատեսված չէ։ (Իսկ այ քաղաքական պատասխանատվություն «Արցախի համար պայքարը» խեղաթյուրելու,Արցախի հարցը իշխանության պահպանման և կամ իշխանության զավթման նպատակով պատրվակ օգտագործելու համար՝ հաստատ նախատեսված է)։ Հետևապես առաջարկում ենք որդի Քոչարյանին սպեկուլյացիայի չդիմել իրեն առաջադրված մեղադրանքի հարցում, ինչպես ասում են՝ հանգիստ նստել տեղն ու սպասել դատարանի վճռին՝ եթե մեղադրանքը անհիմն լինի, ապա ինքը չի դատվի չգործած հանցանքի համար, իսկ եթե հիմնավոր լինի, կդատվի ըստ գործած, այլ ոչ թե չգործած հանցանքի։ ՀՀ-ում դատարանները, ինչպես պարոն Քոչարյանը համոզվել է վերջին 6 տարիների ընթացքում, հեռախոսային, SMS-ային, «մեսենջերային» և այլազան հրահանգներով արդարադատություն չեն իրականացնում։ Մի բան, որը տարածված ու արմատացած պրակտիկա էր Լևոն Քոչարյանի հայրիկի օրոք։
Դատվելուց վախեցող ու ազատամարտիկներին դատած Քոչարյանները
Հիմա գանք «դատելուն» ու «դատվելուն» և այս գործողությունները Արցախի համար պայքարին տանել-հանգեցնելուն. հիշեցնենք Լևոն Քոչարյանին, որ իր հոր օրոք կալանավորվեցին, ապա և շինծու մեղադրանքներով (Մարտի 1-ի գործի շրջանակներում) դատվեցին Արցախի համար իրապես՝ զենքով ու սեփական կյանքը զոհասեղանին դնելու գնով պայքարածները, մասնավորապես Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկներ Սասուն Միքայելյանը, Սմբատ Այվազյանը (վախճանվել է 2014-ին), Հակոբ Հակոբյանը, Հովհաննես Հարությունյանը (վախճանվել է 2023-ին), Մյասնիկ Մալխասյանը, Մուշեղ Սաղաթելյանը… (ցանկն ամբողջական չէ): Այս՝ ապօրինաբար, օրենքի աղաղակող խախտումներով դատապարտված անձանց վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկված գործերով Եվրոպական դատարանի կողմից կայացվել են վճիռներ, որոնք ուղղակի հօդս են ցնդեցնում քոչարյանասերժական ռեժիմի դատարանների արդարադատ լինելու միֆը։ Ավելին, մասնավորապես Մուշեղ Սաղաթելյանը, որը 2008-ին մեղավոր էր ճանաչվել ՔՕ մի քանի՝ սառը զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի, 2019-ին արդարացվեց (ՀՀ) դատարանի կողմից՝ «հանցակազմի բացակայության հիմքով»: Մնացած՝ «Մարտի 1»-ի քաղաքական գործով անհիմն դատապարտված անձանց վերաբերյալ տեղական դատարանների, ՄԻԵԴ-ի վճիռների, ապաև նույն՝ տեղական դատարանների արդարացման դատավճիռների վերաբերյալ Քոչարյան կրտսերին առաջարկում ենք տեղեկանալ ինքնուրույն։ Իսկ եթե օգնության կարիք զգա, կարող է դիմել, օրինակ, իր հորը ժամանակին կալանքից ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանի օգնությանը. նա, ի դեպ, նույնպես այն դատավորներից է, որը «Մարտի 1»-ի գործով որոշումներ է կայացրել մասնավորապես՝ Արամ Բարեղամյանի (որը հետագայում արդարացվեց), Ֆելիքս Գևորգյանի, Արա Հովհաննիսյանի վերաբերյալ։ Ի դեպ, 6 տարի ազատազրկման դատապարտված Ա. Բարեղամյանը կայքերից մեկի հետ զրույցում Ազարյանին անվանել էր «պատվեր կատարող դատավոր, որի պատվիրատուն ապօրինի ընտրված Ռոբերտ Քոչարյանն էր»։
Այսքանը, թերևս, «դատելու» մասին։ Իսկ ինչ վերաբերում է «դատվելուն», ապա անհերքելի է, որ Քոչարյան ընտանիքում սարսափում են դատվելուց, ՔԿՀ-ներից. սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրված Ռոբերտ Քոչարյանին, ինչպես հայտնի է, հաջողվեց իրավական տարատեսակ օպերացիաներ իրականացնելու միջոցով՝ ընդհուպ Վենետիկի հանձնաժողովի դռներն ընկնելով, պլստալ արդարադատությունից, որդի Քոչարյանին էլ կալանքից ազատելու համար օգնության հասան նախկին նախագահին կալանքի տակ գտնվելու օրերին բժշկական ծառայություն մատուցած բժիշկ, հետագայում պատգամավոր դարձած Արմեն Չարչյանն ու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի որոշ անդամներ։ Չարչյանը, հիշեցնենք, վայր դրեց մանդատը, նրա օրինակին հետևեցին պատգամավոր դառնալու իրենց հերթին սպասած ևս մի քանի պատգամավորացուներ, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա մանդատ ստանալ ու այսպիսով դուրս պրծնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ազատվելով կալանքից։
Երևանում «Արցախի համար պայքարողը» անգամ Արցախում չի ծառայել
Միանգամից հարց է ծագում՝ ի՞նչ նկատի ունի Լևոն Քոչարյանը «պայքար» ասելով։ Եթե նկատի ունի, որ Երևանի կենտրոնում ակցիաներ էր կազմակերպում «հանուն Արցախի փրկության»՝ այն դեպքում, երբ Արցախն արդեն ենթարկվել էր ռուս-ադրբեջանական ագրեսիայի ու բռնի տեղահանման էր ենթարկվում, ապա առնվազն անբարոյական է երևանյան փողոցներում հակակառավարական ցույցերը «պայքար հանուն Արցախի» համարելը։ Ի դեպ, հենց այդ ակցիաներից մեկի ժամանակ կատարած գործողության համար էլ մեղադրանք է առաջադրվել որդի Քոչարյանին։
Զարգացնելով «հանուն Արցախի պայքարելու» թեման՝ մի հարևոր հանգամաք էլ ընդգծենք. կրտսեր Քոչարյանն անգամ զինվորական ծառայությունը չի անցել իր ծննդավայր Արցախում, որը «փրկելու» համար, փաստորեն, տարիներ անց իր ծննդավայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Երևանում ստիպված էր փողոցային պայքար մղել։ Լևոն Քոչարյանը, ըստ նրա կենսագրական տեղեկանքի, 2006-2008թթ. ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում: Հիշեցնենք, որ 2018-ին երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է բանակում և այն էլ՝ Արցախում, վարչապետի այս դիտարկումը խոցել էր Լևոն Քոչարյանի ինքնասիրությունը՝ ստիպելով վերջինիս լույս սփռել իր կենսագրության այդ կարևոր դրվագի վրա։ «…Կարծում եմ՝ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա: Այդուհանդերձ, որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր: …Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար»,- ֆեյսբուքյան իր էջում նման ինքնախոստովանական պոռթկում էր ունեցել որդի Քոչարյանը։ Արցախասիրության փառահեղ օրինակ է, ինչ խոսք։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին