27/07/2024

Մնալու է շիադավան «աղեղ» առաջնո՞րդ, թե՞ համերաշխվելու է սուննի մուսուլմանական աշխարհի հետ

Իրանում խորհրդարանական ընտրություններին արձանագրվել է իսլամական հեղափոխությունից հետո ընտրողների մասնակցության ամենացածր ցուցանիշը:

Ավելի ցայտուն է Թեհրանի օրինակը. քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 24 տոկոսը, 240 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այդուհանդերձ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երախտագիտություն է հայտնել Իրանի քաղաքացիներին եւ բնորոշել, որ «թշնամական ծրագրերը չհաջողվեց իրականացնել»:

Իրանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշակի շրջանակներ, որոնց ձայնակցում էր նաեւ ադրբեջանական իշխանամերձ մամուլը, կանխատեսում էին «բելուջական ապստամբություն»: Այդ ընթացքում Իրանը եւ Պակիստանը հրթիռա-հրետանայյին հարվածներ փոխանակեցին, բայց կողմերին հաջողվեց ճգնաժամն արագորեն հաղթահարել եւ գոնե առերեւույթ միմյանց ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգելու համաձայնության գալ:

«Թշնամական ծրագրերի ձախողում» ասելիս ԻՀՊԿ-ն, երեւի, նկատի է ունենում Իրանը «ներսից պայթեցնելու» ինչ-որ նախագիծ, որ, իրոք, գոնե այս փուլում իրականություն չդարձավ: Խնդիրն այն է, թե որքա՞ն ամուր կամ կայուն է մի իշխանություն, որ խորհրդարանական ընտրությունների է գնացել բնակչության ընդամենը քառասուն տոկոսի վստահությամբ: Ընդ որում, ներքին գործերի նախարարությունը քվեարկության ժամկետը երկու անգամ երկարաձգել է:

Փորձագետների մեծ մասը համարում է, որ խորհրդարանի ընտրությունը գործող իշխանության համար սկզբունքային չէ, վերնախավը կենտրոնացած է եղել այսպես կոչված Փորձագետների ասամբլեայի ընտրությանը: Դա մի մարմին է, որ պետք է Իսլամական հեղափոխության եւ Իրանի փաստացի առաջնորդ ընտրի, երբ գործող Ռահբար Ալի Խամենեին երկրային կյանքին հրաժեշտ կտա:

Ի՞նչ սկզբունքով են առաջադրվում Փորձագետների ասմաբլեայի անդամության թեկնածուները՝ մանրամասնություններն պրոֆեսիոնալ իրանագետները կիմանան:

Գործ ունենք կատարված փաստի հետ. Իրանի նախկին նախագահ Ռուհանիին եւ հանգուցյալ նախկին նախագահ Ռաֆսանջանիի թիմի անդամներին թույլ չի տրվել մասնակցելու Փորձագետների ասամբլեայի ընտրություններին: Համարվում է, որ «ռեֆորմատորների թիմը մեկուսացվել է»: Այստեղ, ըստ իրազեկ աղբյուրների, վճռական է եղել ԻՀՊԿ հրամանատարության դիրքորոշումը:

Այս փուլում գերխնդիր է հասկանալ, թե ԻՀՊԿ կրոնամոլեռանդությունը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքում շիա ուղղության «առանցքի» ջատագով, թե կարող է ընտրել համաիսլամական համերաշխության կողմնորոշու՞մ: Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իրանի նախագահը խստագույնս քննադատել է իսլամական պետություններին, որ շարունակում են տնտեսական կապեր պահպանել Իսրայելի հետ: Փորձագետների մոտ տպավորություն կա, որ Թուրքիային «չհաջողվեց միավորել իսլամի սուննի ուղղության երկրներին»: Տարեսկզբին Իլհամ Ալիեւն իրեն դասել է «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջամարտիկների» շարքում:

Տեսանելի ապագայում Իրանի տարածաշրջանային եւ միջազգային դերակատարությունը հնարավորինս կանխատեսելու հարցում շատ էական է սկզբունքային վերլուծությունը. Իսլամական հանրապետությունը կարո՞ղ է ընտրել ռեֆորմացիայի ճանապարհ, մնալու է շիադավան «աղեղ» առաջնո՞րդ, թե՞ համերաշխվելու է սուննի մուսուլմանական աշխարհի հետ: Առաջին տարբերակը, կարծես, բացառվում է: