27/07/2024

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դատապարտված եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, մահացել է․ մանրամասներ

ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, որը մեղադրվում է տարեց կնոջ սպանության համար, մահացել է։

Այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը. «Վերջինս դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից մարտի 4-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, և արձանագրվել է նրա կենսաբանական մահը»։

Գարիկ Մաշադյանի կողմից տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ. հոկտեմբերին սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն Մաշադյանը մեղադրվում է միայն սպանության հատկանիշներով՝ առանց հափշտակության նպատակի։

Մաշադյանի արարքը նախաքննության ընթացքում վերաորակվել էր, մեղմացվել՝ բացառապես իր ցուցմունքի հիման վրա։ Ըստ առաջ քաշված վարկածի՝ սպանության դրդապատճառն այն էր, որ ամիսներ առաջ Մաշադյանը ոսկյա խաչ էր գրավադրել Ցողիկ Բադիկյանի մոտ, իսկ դեպքի օրը մոտեցել տուժողին՝ վերադարձնելու ոսկյա խաչը, սակայն վերջինս նշել էր, որ ոսկյա խաչն այլևս չկա, և այդ հիմքում իբրև կենցաղային հողի վրա տեղի էր ունեցել սպանությունը։

Ցողիկ Բադիկյանին հասցվել էր դանակի՝ ավելի քան երեք տասնյակ հարված, իսկ վերջում կտրել են պարանոցը։

Տուժող կողմը, սակայն, արարքի մեղմացման հետ համաձայն չէր, պնդում էր՝ գործ ունեն գույքի հափշտակության նպատակով ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հետ, ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ: