05/10/2024

Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

«Ես հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր ու օբյեկտիվ պատճառ, այդ թվում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե ինչու Լարսը պետք է փակվի»։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Դիտարկմանը, որ ռուսական կողմը հնարավոր է հայտարարի՝ «եթե Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից հանում է ռուս սահմանապահներին, ապա Ռուսաստանն էլ Լարսից հանում է հայկական մեքենաները», նախարարը հարցն ընդունեց ծիծաղով և ինքը հարց հնչեցրեց՝ «Դուք կարծո՞ւմ եք, որ դա հիմնավոր պատճառ է»։

Ըստ նրա՝ այս պահին քննարկվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը։

«Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, մենք կողմ ենք ՀՀ-ին, և եթե մեր շահը պահանջում է, որ մեր ապրանքները պետք է վաճառվեն արաբական աշխարհում, Ճապոնիայում, Ասիայում, Եվրոպայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում և տարբեր երկրներում, պետոք է վաճառվեն ուրեմն: Պետք է ամեն ինչ անենք՝ ըստ մեր հնարավորությունների ու պոտենցիալի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- նշել էր նա:

Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը. «Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են ու կլինեն։ Վարչապետի վերջին այցը Եգիպտոս էր, դա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր։ Հանդիպումներ եղել են գործարարների հետ։ Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք ուժեղացնել մեր պետության դիմակայությունը։ Մեր պետությունը պետք է աշխարհի բոլոր անկյունների հետ տնտեսական կապ ունենա»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Լարսի հատվածում ռուսական կողմից հայ վարորդներին ասել են, որ չեն կարողանալու իրենց ունեցածը արտահանել, պատասխանը պետք է ՀՀ իշխանությունները տան, նախարարը նշեց․ «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել»։