17/04/2024

Ի՞նչ են փնտրել իրավապահները Ռուբեն Վարդազարյանի տանը․ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե Հակակոռուպցիոն կոմիտեն, որ երեկ խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն, ինչ է փնտրել։

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փնտրել են Ռուբեն Վարդազարյանի կողմից 2 տարի առաջ հրապարակված՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած աղմկահարույց զրույցի ձայնագրության ամբողջական տարբերակը, որտեղ ուշագրավ հատվածներ կան, սակայն մինչ օրս չեն հրապարակվել:

Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է գործը վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից:

Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Ջհանգիրյանը նույն օրը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել էր, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։

Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության, եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը:

ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել:

Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։

Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։

Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է, եւ, փաստորեն, առաջին գործը ձայնագրության ամբողջական տարբերակը փնտրելն է, իսկ անթույլատրելի պարտադրանքը պետական պաշտոնյային՝ ԲԴԽ նախագահ Վարդազարյանին, չի քննվել ու չի քննվում ցայսօր»: