27/07/2024

Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը համախմբել է ավելի քան 750 մասնակիցների. Լուսանկարներ

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը մեկ հարթակում համախմբել է ավելի քան 750 մասնակիցների ֆինանսական հատվածի տարբեր ոլորտներից: Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 5-ին Երևանում և կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Համաժողովի բիզնես ծրագիրը ներառում էր լիագումար նիստ, երեք պանելային քննարկում և Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների հետազոտությունների ներկայացում և բաց քննարկում։

Միջոցառման ընթացքում ավելի քան 20 բանախոսներ՝ կառավարության ներկայացուցիչներից, կարգավորող մարմիններից, խոշոր բիզնեսի առաջնորդներից և արտասահմանյան փորձագետներից մտքեր փոխանակեցին։ Քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների ձևավորումը, պետական պարտքի պահանջարկի խթանումը, ներքին ներդրողների զարգացումը և կապիտալի ներգրավումը, երկրի տնտեսության և ազգային արժույթի հեռանկարները, ինչպես նաև թվայնացումը։

«Մենք Հայաստանում նման մասշտաբային միջոցառում կազմակերպելու առաջին փորձն ունեցանք։ Թեման շատ հետաքրքիր է։ Երբ մենք չորս տարի առաջ սկսեցինք այս ճանապարհորդությունը, հասկացանք, որ հավանաբար ամենամեծ դժվարությունն այստեղ կլինի ներքին ներդրողի և ֆինանսական գրագիտության զարգացումը: Եթե երկիրը ցանկանում է գնալ արդեն զարգացած կապիտալի շուկա ունեցող պետությունների ճանապարհով, պետք է մեծ պատմություն ստեղծի։ Կարծում եմ, որ դրան մեծապես կնպաստի այնպիսի խոշոր ընկերության հայտնվելը, ինչպիսին Freedom Holding Corp.-ն է, որը ցուցակված է NASDAQ-ում։ Բայց, բնականաբար, դա պետք է անեն ոչ միայն բրոքերները, այլեւ պետությունը, շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները, կրթական համակարգը»,- իր խոսքում նշեց Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Շատ մասնակիցների համար ֆորումը դարձավ հարթակ, որը հնարավորություն տվեց տարբեր տեսանկյուններից ներկայացնել ֆինանսական հատվածում տիրող իրավիճակը և մոտ ապագայում դրա զարգացման հեռանկարները։ Մեծ ուշադրություն է դարձվել նոր գործիքներին և տեխնոլոգիաներին։ Առանձին քննարկում նվիրված էր թվայնացմանը և երկրում ֆինտեխ արդյունաբերության զարգացմանը: