19/04/2024

Պրոռուսական թեւը հակահայկական կուսակցություն է գրանցում

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով հոկտեմբերին հայտարարեց նոր շարժում սկսելու մասին, որը պետք է երկիրը մաքրի «ներքին ու արտաքին թշնամիներից», երեկ հայտարարեց, որ կուսակցություն է հիմնադրում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այն կոչվելու է «Համահայկական ճակատ»` համանուն շարժման անվանումով։ Հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 5-ին, «Մարիոթ»-ում: Կուսակցության հիմնադրման աշխատանքներով զբաղվում է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։ Օրերս այս թիմին է միացել նաեւ «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Համահայկական ճակատ» շարժումը Կարապետյանը հիմնադրել էր ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կուսակցության հետ կապ չունի` սկզբունքորեն դեմ է եղել կուսակցություն բացելու գաղափարին. «Սա պետք է լիներ մի հարթակ, որտեղ կընթանար ապակուսակցական պայքար, մի վայր, որտեղ այս իշխանության հետ առնչություն ունեցած, բայց փոշմանած մարդիկ կհավաքվեին, կհամախմբվեին։ Ի վերջո, իմ եւ Արշակ Կարապետյանի միասնական պայքարի հիմքում նրա նախկին նիկոլական լինելն էր, եւ որպեսզի, այսպես ասած, սեւ ու սպիտակը կոտրեինք, ստեղծեցինք այդ հարթակը։ Այստեղ կարող էին լինել կուսակցական մարդիկ, բայց շարժումն անկուսակցական պիտի լիներ։ Ես շարունակում եմ իմ կռիվը, էլ ավելի ակտիվ, բայց այս կուսակցության հետ կապ չունեմ։ Իմ կարծիքով՝ մեր երկրի այս վատ իրավիճակի ֆոնին կուսակցություն հիմնելն առաջնային խնդիր չէր։ Մեր առաջնային խնդիրը երկրի փրկությունն էր»:

Հարցին՝ Արշակ Կարապետյանի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է, ասաց. «Ինքը թող պատասխանի այդ հարցին»։ Ի դեպ, մենք փետրվարի 8-ին գրել էինք, որ տարաձայնություններ են առաջացել Արշակ Կարապետյանի եւ Գեւորգ Գեւորգյանի միջեւ, ինքը` Գեւորգյանը, դա հերքել էր. «Նման բան չկա», եւ լուրը հրապարակվելուց հետո նեղացել մեզնից: Սակայն, ինչպես տեսնում ենք, լուրերն անհիմն չէին: