ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, որ կլիմայի հարցերով նախագահ Բայդենի խորհրդականն է, Վաշինգտոնում «Թուրան» գործակալության թղթակցին ասել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի «կողասրահներում» հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Նա ասել է, որ Բաքվում աշնանը կայանալիք COP 29-ին Միացյալ Նահանգները կներկայացնի ինքը եւ Ալիեւին «որոշ բաներ է պատմել, որոնցով կարող են օգնել»:
Քերին մանրամասնել է, որ ներկայումս աշխարհում տարեկան յոթ միլիոն մարդ է մահանում մթնոլորտի աղտոտվածության պատճառով եւ իրավիճակը հնարավոր է շտկել, եթե «արդյունահանվող էներգետիկայում անցում կատարվի վերարտադրվողի»: Նրա գնահատմամբ, դա խոշոր ներդրումներ է պահանջում, առնվազն 100 միլիարդ դոլար: Հարցն այն է՝ երկրները նման «զոհաբերության պատրա՞ստ կլինեն»- ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը եւ հարցը կոնկրետացրել. «Այսինքն, հարկ կլինի ստեղծել հիմնադրամ, եւ դա պետք է տեղի ունենա Բաքվում»:
Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի խոսույթի առանցքային ձեւակերպումը, թերեւս, վերջին «հրամայական» շեշտադրումն է: Հարց է առաջանում, թե ինչու՞ է նա պնդում, որ մթնոլորտի աղտոտվածության դեմ պայքարի հիմնադրամի ստեղծման համաձայնությունը պետք է կայանա այս տարեվերջին՝ Բաքվում: Դա զուտ մարդասիրակա՞ն նախաձեռնություն է, թե՞ ունի տնտեսա-կոմունիկացիոն եւ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
ASNA վերլուծական կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի 86 տոկոսը բաժին է ընկնում ջէկ-երին, որ աշխատում են բնական գազով: Ի՞նչ ծավալի գազ են դրանք տարեկան ծախսում՝ ստույգ տվյալներ չկան, բայց խոսքը միլիարդավոր խորանարդ մետր ծավալների մասին է: Նույն աղբյուրի տեղեկացվածությամբ, Ադրբեջանը վերարտադրվող էներգիայի տարածաշրջանային կենտրոն դարձնելու «Գյունեշ» անվանումն ստացած ծրագիր մշակվել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, որ ԽՍՀՄ փլուզման պատճառով մնացել է միայն որպես նախագիծ:
Տարեվերջին Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանը «կանաչ էներգիայի աղբյուր» դարձնելու ռազմավարական ծրագրի մասին: Սեփական միջոցներով նման հավակնոտ նախագիծ նա չի կարող իրականացնել: Հայտնի է, որ Արաբական միացյալ էմիրություններն Ապշերոնում արդեն իսկ մեկ հողմային էլեկտրակայան են կառուցել, ծրագիրն ավելի մեծ է:
Վերջերս տեղեկություն տարածվեց, որ բրիտանական BP-ի դուստր ձեռնարկություններից մեկը մինչեւ եկող տարվա վերջ Ջեբրայիլում շահագործման կհանձնի արեւային էլեկտրակայան: Տասնյակ փոքր հէկ-եր են գործարկվում Քելբաջարում եւ Լաչինում, նախատեսվում է կառուցել նորերը:
Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկը մայիսին Ադրբեջանի կառավարության հետ կստորագրի 40 միլիոն եվրո վարկ տրամադրելու համաձայնագիր: Ըստ Բաքվի մամուլի, գումարը նախատեսվում է ծախսել գործող եւ շահագործման հանձնվող էլեկտրակայանները «մեկ միասնական ցանցում ընդգրկելու նպատակով»:
Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը, որ տարեվերջին Բաքվում ձեռք բերվի մթնոլորտային աղտոտվածության դեմ պայքարի հիմնադրամ, ամենայն հավանականությամբ, կապված է Ադրբեջանի նոր կերպարի, ամերիկյան պատկերացումների հետ:
Միջազգային հանրությունը, ավելի կոնկրետ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան 2010-ականներին ադրբեջանական «ջինը շշից բաց են թողել»: Նավթային պայմանագրից ստացած եկամուտների մի շատ զգալի մասը Բաքուն ծախսել է ռազմական նպատակներով: Ուզենք ընդունել, թե ոչ՝ նշանակություն չունի. իր ռազմական ներուժով Ադրբեջանն այսօր ավելին է, քան պահանջում է անգամ տարածաշրջանային առաջնորդութունը:
Իսկ դա լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Ադրբեջանի հարեւանների, այլեւ աշխարհաքաղաքական դերակատարների համար: ԱՄՆ-ը, կարծես, փորձում է «փականի տակ առնել» Ալիեւի հավակնությունները՝ ներշնչելով Ադրբեջանի այնպիսի կերպար, որ ընդունելի կլինի:
Ինչպե՞ս՝ այլ հարց է: Բայց չափազանց կարեւոր է այլ հանգամանք. դա դեմոկրատական վարչակազմի՞ պատկերացումն է եւ կփոխվի, եթե Վաշինգտոնում իշխանության գան հանրապետականները, թե՞ ավելի խորքային, ազգային-պետական կամ քաղաքակրթական նպատակ է:
Վաշինգտոնում «Թուրանի» թղթակիցը Քերիին հարցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին եւ ստացել ստանդարտ պատասխան.«Միացյալ Նահանգները իր դիվանագիտությամբ հետեւողականորեն բարձրացնում է այդ հարցերը»:
Բաց մի թողեք
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան
Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»