13/04/2024

Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով. Դաշնային խորհրդում վրդովվել են ռուս սահմանապահների դուրսբերման որոշումից

Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերումը կարող է հանգեցնել լարվածության սրման, կարծում է Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Բոնդարևը։

Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտարարել է, թե սա Երևանի առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է Մոսկվայի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, որը հղի է Անդրկովկասը լարվածության և մշտական հակամարտությունների տարածաշրջանիվերածելու վտանգով:

Ըստ պաշտոնյայի՝ «սա առաջին խոշոր անբարյացակամ քայլն է ՀՀ-ից»:

«Դա հուշում է, որ մեզ այլևս առանձնապես չեն ողջունում Հայաստանում։ Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն սահում է դեպի անբարյացակամություն, շեղում ՀԱՊԿ-ի հիմքերից։ Եվ այստեղ պատճառն արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Հայաստանին եվրոպական լուսավոր ապագա են խոստանում, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի տարածքային պահանջներից։ Սա վտանգավոր ուղի է, որը հղի է տարածաշրջանային վտանգներով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»,- ասել է Բոնդարևը։

Նա հիշեցրել է, որ ռուսական զորքերն ապահովում են անվտանգությունը հանրապետության տարածքում, ուստի հայկական կողմին «պետք է յոթ անգամ չափել և մեկ անգամ կտրել»։ Սենատորը նաև կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ազդի իր կառավարության վրա, որը սկսել է «հավատալ արևմտյան խոստումներին» և չի հասկանում ինքնիշխանությունը կորցնելու վտանգը։

«Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և հանուն իրենց բարօրության և կայունության ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- ընդգծել է Բոնդարևը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը պաշտոնական կոչ է ուղարկել Մոսկվա՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրա խոսքով՝ հայկական զորքերը ինքնուրույն են վերահսկելու սահմանային անցակետը։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի սահմանապահները համատեղ ծառայություն են իրականացրել Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանության համար՝ 1992 թվականի համաձայնությունից ի վեր:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր. «Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի»: