27/07/2024

Բրիտանիան խոստացել է անհրաժեշտության դեպքում Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»

Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետագայում Ռուսաստանի «սպառնալիքների» հանդիպելու դեպքում։

Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին:

«Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին որոշումը որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների պարագայում»,- ասել է պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում։

Բրիտանական խորհրդարանից ստացած գրավոր հարցմանն ի պատասխան Հիպին ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն աշխատել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության նոր ուղիներ:

«Մեծ Բրիտանիան ստորագրել է ԵԱՀԿ զենքի մատակարարումների էմբարգոն, և, հետևաբար, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի եղած սահմանափակումների շրջանակում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար»,- ընդգծել է նա բրիտանական խորհրդարանին ուղղված իր պատասխանում։