27/07/2024

Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում․ Մարուքյան

Հայաստանի կարմիր գծերը փլուզվել էին, ձևավորված մոտեցումները չէի կիսում, բարոյական չէր լինի մնալ պաշտոնում:

Այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ տեսաուղերձի ձևաչափով ներկայացնելով, թե որոնք են եղել իր հրաժարականի պատճառները։

«Իմ բանակցային ստրատեգիան տոտալ այլ է։ Բարոյական չէր լինի իմ կողմից, չկիսելով հետկարմիրգծերի փլուզման ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումները, շարունակել մնալ այդ պաշտոնին»,- ասել է Մարուքյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրավքե մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։

Այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ իր տեսաուղերձում մեկնաբանելով մամուլի որոշ հրապարակումներ այն մասին, թե ինքը հրաժարական է տվել արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար:

«Մոտ 3 ամիս մտածել եմ հրաժարականիս հետ կապված։ Տեսել եմ մամուլի արձագանքները՝ ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։

Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն։ Իմ հրաժարականի դիմումը ընդհանրապես կապ չունի մամուլում շրջանառվող այս պարզունակ թեզերի հետ»,- նշել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին:

Վերջինս փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մարուքյանը իր որոշումը հիմնավորել էր արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իշխանությունների հետ տեսլականների տարբերություններով։

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ փետրվարի 4-ի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: