27/07/2024

Ադրբեջանը նպաստում է, որ Ռուսաստանը հաղթահարի՞ Թուրքիայից որոշակի կախվածությունը

Ռուսաստանի վարչապետ Միշուստինի Բաքու այցից հետո Միացյալ Նահանգներ է մեկնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Վաշինգտոնից այդ մասին ստացվել է չափազանց ուշագրավ տեղեկատվություն. նույն օրը Ֆիդանը բանակցություններ է վարել պետքարտուղար Բլինքենի, իսկ նրա տեղակալ Աքափարը՝ փոխպետքարտուղար Քեմբելի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով քննարկվել են «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ Սիրիայի եւ Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ համագործակցության հարցերոում խոր տարաձայնությունների շրջանակից դուրս գալու հնարավորությունները»:

Իսկ ահա նրանց տեղակալները սեւռվել են «Կենտրոնական Ասիայում համագործակցության, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ Ասիայի սահմաններից դուրս համագործակցության այլ հնարավորությունների» վրա: Այդ մասին հայտարարել է պետական դեպարտամենտի խոսնակ Միլերը:

Նույն օրը, երբ Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա «համընդգրկուն բանակցություններ» էին ընթանում, Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Ստամբուլ: Մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որ Զելենսկին նամակ է հղել Իլհամ Ալիեւին՝ հրավիրելով նրան մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների իմպլեմենտացմանը, որ ենթադրաբար պետք է տեղի ունենա Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովի շրջանակներում:

Նույն առաջարկությունը Զելենսկին արել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, իսկ վերջինս բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին բառացիորեն հետեւյալն է ասել. «Մեր ռազմավարական համագործակցության շրջանակներում կշարունակենք սատարել Ուկրաինային, նրա տարածքային ամբողջականությանը:

Պատրաստ ենք ինտենսիվոր մասնակցել նրա վերականգնմանը»: Էրդողանը ոչ մի խոսք չի ասել ռուս-ուկրաինական բանակցությունների միջնորդության կամ գոնե հարթակ տրամադրելու մասին: Ակնհայտ է, որ Անկարան խիստ զգուշացած է հավաքական Արեւմուտքի հետ հարաբերությունների հնարավոր սրացումից:

Ընդ որում, Թուրքիայի նախագահն անձամբ նավաշինարան է ուղեկցել ուկրաինացի պաշտոնակցին: Թուրքիան, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ուկրաինայի պատվերով երկու ռազմանավ է կառուցում: Էրդողանը եւ Զելենսկին քննարկել են նաեւ Սեւ ծովում անվտանգության ապահովման եւ ուկրաինական հացահատիկի արտահանման ուղիների ապահովման հետ կապված հարցեր:

Հետեում է, որ առկա է Սեւ ծովի ռազմականացման կամ Սեւ ծովը ռազմական բախման թատերաբեմի վերածվելու շոշափելի սպառնալիք, եւ այդ հեռանկարում Թուրքիան եւ Ուկրաինան համաձայնեցնում են հնարավոր իրավիճակում համատեղ գործողությունները:

ՌԴ վարչապետի Բաքու այցի գլխավոր հարցը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն էր, որի լիարժեք գործարկման դեպքում Ռուսաստանը կհաղթահարի Բոսֆոր-Դարդանելի նեղուցից եւ Սուեզի ջրանցքից, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի շատ հավանական «քմահաճույքից» կախվածությունը: Ստացվում է, որ Ադրբեջանը նպաստում է, որ Ռուսաստանը հաղթահարի՞ Թուրքիայից որոշակի կախվածությունը: Իսկ ու՞ր է մնում «մեկ ազգ՝ երկու պետություն» թուրք-ադրբեջանական «սիամական» եղբայրությունը:

Այս իրավիճակը գործնական առումով ընկալելի չէ, ավելին՝ շատ նման է դիվանագիտական, քարոզչա-տեղեկատվական խարդավանքի: Սիրիայում ԱՄՆ-ից ինչ է ակնկալում Թուրքիան՝ հայտնի է. դադարեցնել քրդական «ինքնավարությանն» աջակցությունը: Իսկ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայից ի՞նչ «սպասումներ ունի» Միացյալ Նահանգները: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները նույնական են, եւ դա միջնորդության մթնոլորտ չի ստեղծում: Բայց որքանո՞վ է այդ գնահատականն ընդունելի ԱՄՆ-ի կամ Եվրամիության համար: