27/07/2024

Արցախի պես, սակայն կողմնորոշված դեպի Եվրամիություն

Մոլդովան նախապատրստվում է Եվրամիության հետ անդամակցության հարցով բանակցությունների, բայց, հավանաբար, ընտրված է ոչ ամենալավ ժամանակը. գործող նախագահ Սանդուի լիազորություններն ավարտվում են եւ բավական բարդ է կանխատեսել՝ կհաջողվի՞ նրան պահել իշխանությունը եւ ֆորմալ մի հանգրվանի հասցնել իր երկրի արտաքին քաղաքական-քաղաքակրթական կողմնորոշումը, թե՞ Քիշնեւում ֆորս-մաժոր կխաղարկվի:

Ավելի քան երեք տասնամյակ Մոլդովայի կողմնորոշումը պայմանավորված էր Մերձդնեստրի կարգավիճակի անորոշությամբ: Տիրասպոլում գումարվել է չճանաչված հանրապետության բոլոր մակարդակի պատգամավորների համագումար: Ռուսաստանյան փորձագետները հակված էին ենթադրության, որ Մերձդնեստրը կընդունի Ռուսաստանին միավորվելու որոշում եւ կդիմի Մոսկվային:

Դա տեղի չունեցավ: Համագումարն Ռուսաստանին խնդրեց Եվրամության հետ հարաբերություններում դիվանագիտական գործիքակազմով պաշտպանել Մերձդնեստրի սոցիալ-տնտեսական շահերը:

Մոսկվան, երեւում է, Տիրասպոլի նման կեցվածքից խիստ դժգոհ է: Այդ է վկայում Մոլդովայի գագաուզական ինքնավարության «բաշկան» Եվգենյա Գուցուլի Ռուսաստան այցը, որի շրջանակներում Սոչիում նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Պուտինը: Այդ առթիվ տեղեկատվությունից դատելով՝ «բաշկան» Գուցուլը մտահոգություն է հայտնել, որ Մոլդովան կարող է լուծարել գագաուզական ինքնավարությունը, իսկ Ռուսաստանի նախագահը՝ խոստացել, որ կաջակցի «գագաուզների ինքնության պահպանմանը եւ նրանց իրավունքների պաշտպանությանը»:

Ըստ տեղեկությունների, Քիշնեւում Գուցիլի դեմ քրեական գործ հարուցելու «նախապատրաստություն են տեսնում»: Մոլդովայի օրենսդրությամբ՝ Գագաուզաիայի «բաշկանը» պաշտոնն ստանձնում է երդմամբ, որի առաջին կետով պարտավորվում է «անշեղորեն հարգել սահմանադրությունը»: Ռուսաստան այցը, որ Քիշնեւի կենտրոնական իշխանությունների հետ ակնհայտորեն համաձայնեցված չէ, իրավական առումով կարող է դիտվել «բաշկանի» երդման եւ Մոլդովայի սահմանադրության խախտում:

Գուցուլը Պուտինի հետ քննարկել է նաեւ Ռուսաստանի բանկերում Գագաուզիայի բնակիչների կողմից հաշիվներ բացելու, ապրանքաշրջանառության եւ «Գազպրոմի» կողմից ինքնավարության համար գազի արտոնյալ գին սահմանելու հետ կապված հարցեր: Թե ինչպե՞ս է Գագաուզիան ապրանքաշրջանառություն իրականացնելու Ռուսաստանի հետ, երբ կողմերն ընդհանուր սահման չունեն՝ մնում է ենթադրել: Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ Մոլդովայի հարցը «կարգավորվելու է ուկրաինական պատերազմի արդյունքների հիմքով»:

Բայց այդ դեպքում ինչու՞ Մերձդնեստրի էլիտան Մոսկվա չի այցելել: Գագաուզիայի համեմատ Դնեստրի ձախափնյակը ինստիտուցիոնալ կայացած եւ տնտեսական անհամեմատ մեծ ներուժ ունեցող սուբյեկտ է, որտեղ բնակչության մեծամասնությունն ունի ՌԴ քաղաքացիություն, մի քանի հազար տղամարդ ծառայում է ռուսական զորքերում:

Կարելի՞ է ենթադրել, որ Մերձդնեստրի էլիտան կողմնորոշվել է դեպի Եվրամիություն, որի հետ, ի դեպ, Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Տիրասպոլը Կիեւի միջոցով առեւտրա-տնտեսական աշխույժ կապեր ուներ: Ճիշտ է, մաքսային փաստաթղթերը ձեւակերպվում էին Մոլդովայի օրենսդրությամբ եւ նրա պետական լիազոր մարմինների միջոցով, բայց հաոսույթը տնօրինում էր Տիրասպոլը:

Այդ կապերի օրինական վերականգնումը, գումարած քաղաքական որոշակի իրավունքները, որ խոստանում է Քիշնեւը, կարող են ոչ միայն բավարար, այլեւ ցանկալի լինել Տիրասպոլի էլիտայի համար:

Իսկ թե ի՞նչն է Գագաուզիայի «բաշկանին» մղել կամ շարունակում մղել Ռուսաստանի հետ կապերի պահպանման եւ խորացման՝ մնում է ենթադրել.կենտրոնական իշխանությունների եւ գագաուզական ինքնավարության միջեւ լարվածությունը Մոլդովայում կարող է համախմբել ռուսաստանամետ ուժերին եւ նախագահական ընտրություններում «եղանակ փոխել»: Գագաուզիայով շահագրգռված է նաեւ Թուրքիան: