27/07/2024

Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվում. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական գործողություն, ու ՀԱՊԿ-ը համապատասխան գնահատական չի տվել:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ կան որոշակի գործողություններ, որոնք պետք է իրականացնել:

Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ բլոկում, ըստ Վաղարշակ Հակոբյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվում։

«Մինչև այս պահը Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր տնտեսությանը ընձեռել ու ընձեռում»,- նշել է Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ կանոնադրությամբ ու ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով է առաջնորդվելու ու կատարելու ստանձնած պարտավորությունները։

Հայաստանը մտադիր է ամբողջությամբ կատարել ԵԱՏՄ մարմիններում նախագահության գործառույթները, դրան չի խանգարի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կարգավիճակի ստորագրումը։

Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը։

«Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը՝ մեր երկրի և նրա քաղաքացիների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ձեռք բերելու համար, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության իրականացումը բոլորովին այլ աշխատանքային գործընթաց է։ Ես նպատակահարմար չեմ համարում այս երկու գործընթացները խառնել։

Վստահեցնում եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը չի ենթադրում ոչ մի գործողություն, որի մասին դուք խոսում եք, մենք ամբողջությամբ կկատարենք մեր պարտավորությունները»,- վստահեցրել է նա՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Հռոմի ստատուտի ստորագրումը կարո՞ղ է հետ պահել Հայաստանին ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների կատարումից:

Խամոյանը պատասխանից հետո ևս մեկ անգամ հարցրել է, թե ԵՏԱՄ նիստ տեղի ունենալո՞ւ է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալո՞ւ է Հայաստան, քանի որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը:

Ի պատասխան՝ Հակոբյանը նշել է, որ այդ հարցին ՀՀ պաշտոնական մարմինները քանիցս անդրադարձել են, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ նիստի անցկացմանը, Հայաստանը պատրաստվում է ամբողջությամբ կատարել նախագահության բոլոր պարտավորությունները: