05/10/2024

Կթանկանա՞ արդյոք գազի գինը Հայաստանում, թե՞ ոչ

«Գազի և էլեկտրաէներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկումներին վերջին 6 տարիների ընթացքում ես եմ մասնակցել, և այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չեմ տեսել»:

Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«2019 թվականի հունվարի 1-ին է ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել, և ամեն տարի այդ անհանգստությունները կան, բայց դեռևս 5 տարի է՝ ՀՀ-ում գազի գինը կայուն է, և կարծում եմ, որ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենա»,- ասաց Վարդանյանը:

Վերջինս նաև մանրամասնեց՝ դեռևս 2022 թվականին կնքվել է 2013 թվականի գազի հայտնի համաձայնագրի լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ-ում գազի գինը մինչև 2031 թվականը որոշակի մեխանիզմների պահպանմամբ պետք է պահպանվի ներկայիս արժեքների շրջանակներում:

«Բայց, ինչպես նշեցի, եթե աշխարհաքաղաքական տնտեսական որևէ մեծ փոփոխություն չլինի, ապա մենք հնարավորություն ունենք պահպանել այդ գինը: Գիտեք՝ եթե գազը կայուն դառնա 3 հազար դոլար, դժվար Հայաստանի համար 165 դոլարը հնարավոր լինի պահպանել, բայց մենք տեսանք, որ երբ մեկ տարի գազը Եվրոպայում և միջազգային շուկայում արժեր 2-3 հազար դոլար, մեզ մոտ պահպանվում էր 165 դոլարը: Մեր աշխատանքը հենց ուղղված է դրան, որպեսզի այդ գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի, եթե այդպիսի ազդակներ կլինեն աշխարհում»: