27/07/2024

Ադրբեջանը չորս գյուղերի խնդիրը սրում է, որպեսզի էսկալացիայի «լեգիտիմ իրավունք ստանա»

Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունը սուր արձագանքների է արժանանում, բայց հիմնականում՝ Հայաստանի կառավարության, իշխող կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Մամուլը եւ սոցիալական ցանցերը գուժում են, որ «Նիկոլը Հայաստանի տարածքի եւս մի մաս հանձնում է Ադրբեջանին»: Ոչ պաշտոնական տեղեկատվություն կա, որ այդ գյուղերի հարցը պետք է «լուծվեր նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ, բայց հայկական կողմին հաջողվել է վերջնական տեքստից այդ դրույթը բացառել»:

Ի՞նչ քննարկումներ են ընթացել իրականում՝ կիմանան անմիջական մասնակիցները, նրանց թիմի խորհրդատու անդամները: Փաստն այն է, որ Բաքուն դրանց ադրբեջանապատկանությունը համարում է «անվիճելի»:

Ո՞րն է այդ պնդման իրավական հիմքը, ի՞նչ փաստարկներ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել կամ պետք է ներկայացնի, կամ կարող է ներկայացնել նրա ադրբեջանցի վիզավի Շահին Մուստաֆաեւը՝ այդ մասին հրապարակային տեղեկատվություն չկա:

1920 թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի մասին համաձայնագրում կա ձեւակերպում, որ Ղազախ-Իջեւան ուղղությամբ զորքերը կանգ են առնում այն դիրքերում, որ զբաղեցնում են տվյալ պահի դրությամբ: Իրազեկ փորձագետներն ասում են, որ Ղազախ-Իջեւան սահմանագիծը հետագայում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Հայտնի է, որ Բաքվում ձեւավորված Հայհեղկոմը Սարգիս Կասյանի հլխավորությամբ Հայաստան է մտել Ղազախ-Իջեւան երթուղով եւ հռչակել խորհրդային իշխանություն:

Փաստացի այդպես էլ հաստատվել է հայ-ադրբեջանական խորհդային սահման. Հայաբնակ գյուղերը մնացել են Հայաստանին, ադրբեջանաբնակներն՝ Ադրբեջանին: Հետագա տասնամյակներին, իհարկե, բազմաթիվ վեճեր են եղել, բայց սահմանն սկզբունքային փոփոխության չի ենթարկվել: Ըստ այդմ, ենթադրվում է, որ չորս գյուղերի ադրբեջանապատկանության «անվիճելիության» իրավական միայն մեկ «հիմք» կարող է լինել՝ խորհրդային շրջանի Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը, ըստ որի, ասենք, Խեյրիմլին ենթարկվել է Ղազախի շրջանին:

Քաղաքագետներից մեկը կարծիք է հայտնել, որ եթե սահմանազատման հիմք ենք ընդունում խորհրդային իրողությունները, ապա այդ չորս գյուղերի հարցում Ադրբեջանին դիմակայելը շատ բարդ է: Սկզբունքորեն այդպես է, բայց եթե ճիշտ է, որ «ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է»՝ ապա ինչու՞ չփորձել Ադրբեջանի հետ այդ հարցում հասնել այնպսի համաձայնության, որ Բաքվին կառնի, ինչպես շախմատում են ասում՝ «եղանի մեջ»:

Այսինքն, եթե Տավուշ-Ղազախ հատվածում կամ անգամ մի առանձին տեղամասում սահմանազատում է իրականացվում, իսկ չորս գյուղերի «անհապաղ վերադարձը» դա է նշանակում, խորհրդային իրողությունների «իրավական հիմքով»-այլ փաստարկ Ադրբեջանը չունի,- ապա այդ նույն սկզբունքը պետք է կիրառվի սահմանազատման ամբողջ գործընթացում:

Ավելի պարզ ասած, ինչպես պայմանավորվում են որոշել հայկական Ոսկեպարի եւ «ադրբեջանական» Ներքին Ոսկեպարի սահմանը, այդպես էլ պետք է ճշտվի հայկական տեղի եւ Լաչինի շրջանի Զաբուխ բնակավայրի բաժանարարը:

Ընդ որում, դա նախ պետք է փաստաթղթավորվի, իրավական ձեւակերպում ստանա, նախաստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, սահմանված կամ համաձայնեցված ընթացակարգով վավերացում անցնի, ապա քայլ առ քայլ սկզբունքով կիրառվի:

Իհարկե, իրերի ներկա դրությամբ սա շատ բարդ եւ դժվար իրացնելի ճանապարհ է, որն անցնելու քաղաքական կամք պետք է կողմերը հավասարապես ունենանան: Կարծիք կա, որ Ադրբեջանը չորս գյուղերի խնդիրը սրում է, որպեսզի էսկալացիայի «լեգիտիմ իրավունք ստանա»: Հնարավոր է: Բայց ո՞վ կտա նրան այդ «իրավունքը»: