18/04/2024

ԱԺ նախկին պատգամավորի որդին ու ընկերը Երևանում BMW-ներով «դրիֆտ» էին կազմակերպել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան – Նալբանդյան փողոցների խաչմերուկում 2 BMW-ներ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները «դրիֆտ» են անում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում քրեական հետախուզության օպերլիազորները հայտնաբերել են «դրիֆտ» կատարողներին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրանք են Արթիկ քաղաքի բնակիչ 22-ամյա Նոյ Վարագյանը, ով եղել էր 23 ՏՏ 103 համարանիշի ավտոմեքենայով, և Երևանի բնակիչ 22-ամյա Ալեն Մանուկյանը, ով եղել էր 01 XX 647 համարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարագյանը ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի որդին է: