27/07/2024

Բացառիկ տեսանյութ․ Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունը, որտեղ բացահայտվում է Կարապետյանի սուտը․ Civic.am

Արշակ Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցից հատված. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում, մի կողմ դնելով պոլիտկոռեկտությունը, սենսացիոն հայտարարություն արեց՝ «որ ասում եմ այս ընդդիմությունը նվեր է մեզ համար՝ չեք հավատում»։ Վարչապետն այս եզրակացությանը հանգեց հերթական անգամ անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած «ինքնախոստովանական ցուցմունքին», թե՝ 2018-ին, դրժելով տված «երդումը», առաջադրվեց վարչապետի թեկնածու՝ մոտեցող «արհավիրքը»՝ (կոնտեքստից դատելով՝ 44-օրյա պատերազմը) կանխելու համար: Սարգսյանը անկեղծության այսօրինակ պոռթկումով, փաստորեն, ջուրը լցրեց ՀՀԿ-ի և ռադիկալ այլ ընդդիմադիր ուժերի և նրանց տոն տվող դաշնակից երկրի քարոզչամեքենայի այն «երկաթյա» արգումենտը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյա՛նը սադրեց պատերազմը՝ «ինչ պետք է՝ դա էլ բանակցում եմ» հայտարարելով, բանակցությունները իր սեփական՝ «զրոյական կետից» սկսելով ու Ադրբեջանին «կազուս բելլի» հնարավորություն տալով։ Սարգսյանի ասածից հետևում է, որ նա առնվազն 2018-ի փետրվարի դրությամբ, երբ պաշտոնապես արդեն հայտնի էր վարչապետի թեկնածու առաջադրվելու նրա մտադրությունը, տեղյակ էր մոտեցող արհավիրքի մասին, այսինքն՝ տեղեկացված էր Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու պլանների մասին։ Հետևապես, երկրում տեղի ունեցած հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, նրա կողմից բանակցային գործընթացի ուղղությամբ կատարված ենթադրյալ «արկածախնդիր» գործողությունները չէ, որ դրդեցին Ալիևին դիմել ԼՂ հարցի լուծման պատերազմական մեթոդին՝ սանձազերծելով 2020-ի լայնամասշտաբ գործողությունները։

Սերժ Սարգսյանի արած այս հայտարարությունից բխեցված ենթադրությունն անելով է, որ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց ընդդիմության՝ «նվեր» լինելու փաստը, ինչը, բնականաբար, ծանր, բայց օբյեկտիվ ախտորոշում է։

Երրորդ նախագահի մեկ այլ կադրի՝ հեղափոխությունից հետո նոր կառավարությանը «պաս» տրված մեկ այլ «նվերի» մասին էլ այսօվա ասուլիսում կարևոր բացահայտումներ արվեցին։ Խոսքը քառօրյա պատերազմից հետո պաշտոնակ արված, հետո Մոսկվա գործուղված, այնուհետ՝ հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված, 44-օրյա պատերազմից հետո ԶՈՒ վերադարձած, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ապա նաև՝ պաշտպանության նախարար նշանակված, մի քանի ամիս անց դարձյալ հեռացված ու ՌԴ հեռացած Արշակ Կարապետյանի մասին է։ ՀՀ պատմության մեջ ամենակարճը պաշտոնավարած պաշտպանության նախարարի՝ Կարապետյանի ով լինելու, պրոֆպիտանիության մասին այս անգամ «ցուցմունք տվեց» Նիկո Փաշինյանը։

Պարզվում է՝ նախքան հեղափոխությունը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ նշանակված Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի օրոք մասնավորապես ԶՈՒ-ում բարձր պաշտոնների է նշանակվել բացառապես մի «բարեմասնության»՝ ՌԴ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ ունեցած կապերի համար։ Նա ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ և պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվել նաև մեկ այլ նուրբ ու զգայուն համատեքստ հաշի առնելով՝ որպես ՌԴ-ին այսպիսով սիրաշահելու ժեստ՝ այսպիսով փորձելով փարատել «կարող է՞ դաշնակից երկրի հետ ինչ որ բան այն չենք անում» մտավախությունը։ Մինչդեռ Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում տեղի են ունեցել 2021 թվականի մայիսյան ներխուժումը (Սյունիքի մարզի Սև Լճի տարածք), և նույն թվականի նոյեմբերին էլ Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարում տեղի ունեցած իրադարձությունները։ «Եվ ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից։ Իսկ պատճառը եղել է այն, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ։ Մինչդեռ իր զեկուցման պահին, մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»,- այսօր այս ցնցող բացահայտումն արեց վարչապետը՝ ընդգծելով՝ երկու տարբերակ կա՝ կամ Կարապետյանը, լինելով նախարար, դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով իրեն չի զեկուցել։

Վարչապետի խոսքից ելնելով կարելի է ողջամիտ կասկած հայտնել՝ արդյոք չզեկուցելով սահմանին տեղի ունեցողի մասին, այսինքն, սաբոտաժի ենթարկելով իրեն վերապահված առաքելությունը, Շոյգուի ընկեր ՀՀ Պնախարարը իր անգործությամբ չի փորձել սպասարկել այլ երկրի շահերը՝ այն էլ ՀՀ-ի անվտանգության ապահովման չափազանց բարդ ու կրիտիկական շրջանում։

Այս բացահայտումը կարևոր է՝ պատկերացնելու համար նաև շատ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմի նախերգանքը համարված 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արշակ Կարապետյանի իրացրած պաշտոնեական պարտականությունների մակարդակը։ 2016–ին Արշակ Կարապետյանը ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ էր։ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով, ի թիվս այլ պաշտոնյաների, Կարապետյանը նույնպես ազատվեց աշխատանքից։ Ոչ պաշտոնապես նշվում էր, որ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված լուրջ բացթողումներն էին։

Արշակ Կարապետյանի անունը կապվում է նաև 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի «0038» հրամանով ստեղծված կայազորում Արշակ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ Կարապետյանը ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ։

Այլևս պարզորոշ է, թե ում ցուցումով կամ աջակցությամբ է այժմ ՌԴ-ում պատսպարված Արշակ Կարապետյանը ՀՀ-ում իշխանափոխություն անելու ծրագիր մտմտում։ Մեկ անգամ նկատել ենք, երիցս արձանագրենք՝ Կաապետյանը իդեալական թեկնածու է պուտինյան ագիտպրոպի հայտնի նարատիվները առաջ բրթելու, հետպատերազմական ագրեսիաների, հայկական կողմի կորուստների և Արցախի հանձնման ողջ մեղքը ՀՀ «վախկոտ ու դավաճան» իշխանության գլխին բարդելու, նրան թիվ մեկ պատասխանատու կարգելու, մի խոսքով՝ ՌԴ-ի երեսն ու ձեռքերը լվալ-պարզաջրել-սրբելու համար։

Հ․Գ․ Ի դեպ, վարչապետի ասուլիսից հետո մոսկովյան «հեռավար փրկիչը» տեսաուղերձ է հղել և իրեն հավատացող «քույրերին ու եղբայրներին» պարզաբանել, թե՝ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում (նրա այդ այցի մասին պաշտոնական հաղրդագրությունը չգտանք), «որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի»։ Այսինքն, ինքը ֆիզիկապես չէր կարող զեկուցել Փաշինյանին սահմանին իրադրության մասին, և այդ զեկույցը պետք է ներկայացներ նախարարի ֆունկցիաներն իրականացնող անձը։ Ինչ վերաբերում է մայիսյան իրադարձություններին, ապա ինքը, լինելով ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, իրավասու չէր հրամաններ տալ։ «Երբ որ ինձ ընդգրկեցին, նույն իրա հրամանով, որ ես էլ զբաղվեմ էդ հարցով, ես հրաման տվեցի կրակ բացել, և դրա արդյունքում ադրբեջանցիները ռուսների ճնշման տակ այդ թվում, մի քանի կիլոմետր այդ ուղղությունով նահանջեցին»։ Շոյգուից որպես նվեր դաշույն ստացած նախկին ռազմական կցորդը չի մոռացել «չեստուշկայի» ոճով ներբող հղել նաև ՌԴ-ի՝ ՀՀ զինված ուժերի վրա ունենալիք «նորոգիչ», եթե կուզեք՝ «շինիչ» նպատակադրումների մասին։ «Մեծ աշխատանք ենք տարել ՌԴ-ի հետ և երեք տարվա ընթացքում հայկական բանակը պետք է լիներ էնպիսին, որ էսօր մենք երևի թե կորցրած չլինեինք ոչ Ղարաբաղը, և մյուս ուղղություններով էլ էլ ադրբեջանցիներ չէին լինելու»։ Կարճ ասած՝ պաշտոնանկությունից հարազատ եզերք վերադարձած Կարապետյանը կուժն ու կուլան, ինչպես և կանխատեսվում էր, ջարդեց իրեն նշանակողի գլխին՝ չմոռանալով նաև մաչոյի կերպարի մեջ մտնել ու հեռուներից հաթաթաներ տալ։ «Քանի որ նա անդրադարձել է իմ անուն-ազգանունին (նրա անունը շոշափել է լրագրողը՝ հարց հղելով վարչապետին), ուրեմն ինքը հասկանում ա, որ իրա օրերը հաշված են, ինքը հեռանալու ա և ինքը պատասխան ա տալու Արցախի համար, մեր գերիների համար, մեր հայ պատմությունը փոխելու իր արտահայտությունների համար։ Մենակ ինքը չէ, իրա կողքին ով կանգնած է, բոլորը պատասխանատու են լինելու։ Ինքը երևի թե մեր բոլոր պետությունների ժամանակ ամենաթույլ, վախկոտ, դավաճան ղեկավարն է։ Էն գործը որ սկսել ենք, մինչև վերջ տանելու ենք, ինքը էդտեղ չի լինելու»,-սուր ճոճեց Կարապետյանը։ Շոյգուի նվիրած «սուրը»։ Իսկ «գործ» ասելով նկատի ունի մարգինալ քաղաքական խմբակների հետ միավովելն ու․․․․հեղաշրջում բզբզալը։

Հ․Մանուկյան